ԱԳ փոխնախարար. Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ առնչություն չունի ԼՂՀ հետ

ԱԳ փոխնախարար. Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ առնչություն չունի ԼՂՀ հետ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, նշել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով փաստը, որ Մինսկի խմբի համանախագահների հետ յուրաքանչյուր հանդիպումից հետո Բաքուն հայտարարում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

«Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ ընթացող բանակցություններին, ապա Ադրբեջանը ընդունել է որպես հիմք բանակցությունների համար Մադրիդյան փաստաթուղթը: Իսկ Համանախագահ երկրների ղեկավարների կողմից հրապարակված Մադրիդյան փաստաթղթի սկզբունքները և տարրերը իրենցից ներկայացնում են մեկ ամբողջականություն, և դրանցից որևէ մեկին չի կարող տրվել գերակայություն: Դա վերահաստատվեց նաև համանախագահ երկրների ղեկավարների 2013թ. հունիսի 18-ի համատեղ հայտարարությունում», - նշել է փոխնախարարն ու ավելացրել, որ Ադրբեջանը, հակադրվելով ՄԱԿ-ի կանոնադրությանը, Մադրիդյան սկզբունքներին և տարրերին ու բուն բանակցային գործընթացին, փորձում է գերակայություն տալ տարածքային ամբողջականության սկզբունքին և իբր մոռացության մատնել իր իսկ կողմից բանակցությունների համար որպես հիմք ընդունված այն դրույթը, համաձայն որի Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվում է նրա բնակչության պարտադիր իրավական ուժ ունեցող կամաարտահայտությամբ:

«Զուր են Ադրբեջանի փորձերը` աղավաղված և ընտրովի ներկայացնելու բանակցային գործընթացը, նենգափոխելու խնդրի էությունը և հակամարտության ծավալման պատճառները, նսեմացնելու միջնորդների գործադրած ջանքերը և խաթարելու բանակցային գործընթացի առաջընթացը: Անկախ Ադրբեջանի այս հուսահատ փորձերից` հակամարտությունը միևնույնն է կարգավորվելու է Արցախի ժողովրդի իրականացված ինքնորոշման իրավունքի և Ադրբեջանի` ինքնորոշված Արցախի դեմ իրականացված ագրեսիայի հետևանքների համար պատասխանատվության շրջանակներում», - նշել է Շավարշ Քոչարյանը, փոխանցում է ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---