Ա. Գյուլ. Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում Թուրքիայի արտաքին քաղաքականության գերակայությունն է

PanARMENIAN.Net - Անվտանգության ու կայունության ապահովումը Հարավային Կովկասում միշտ հանդիսացել է Թուրքիայի արտաքին քաղաքականության գերակայությունը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործոց նախարար Աբդուլահ Գյուլը: «Մեր կապերը տարածաշրջանի պետությունների հետ միշտ հիմնվել են խոր պատմական եւ մշակութային արմատների վրա: Տվյալ կոնտեքստում մեր համար կարեւոր է հարավային Կովկասում անկախ, խաղաղ գոյատեւող եւ համագործակցող պետությունների առկայությունը, որոնք քաղաքականապես եւ տնտեսապես կայուն են, ինչպես նաեւ այդ երկրներին տնտեսական օգնություն ցուցաբերելը»,- նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: Նրա խոսքերով, ռազմավարական համագործակցությունը եւ Անկարայի բարեկամական կապերը Ադրբեջանի եւ Վրաստանի հետ ամրապնդվում են: «Թուրքիան բավարարությամբ հետեւում եւ միաժամանակ աջակցում է երկու երկրների միջազգային հանրության մեջ արժանի տեղ գրավելու ջանքերին: Մենք հետեւողական ջանքեր ենք գործադրում անկախության եւ ինքնիշխանության ամրապնդման, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքային ամբողջության պահպանման ուղությամբ»,- ավելացրել է Աբդուլահ Գյուլը:



«Յուրահատուկ տեղ ենք հատկացնում Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերություններին, որոնք առավել լավ են արտահայտված Ադրբեջանի հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիեւի «մեկ ազգ, երկու պետություն» արտահայտության մեջ: Անկախության ձեռքբերումից հետո Ադրբեջանի առաջ ծառացող խնդիրները լուծելուն Թուրքիան օգնում է ռազմական, ֆինանսական, տեխնիկական, մարդկային եւ կրթական բնագավառներում: Այդ աջակցությունը կշարունակվի»,- հայտարարել է Ա.Գյուլը: Նրա խոսքերով, Հարավային Կովկասի ժողովրդավարացումը հանդիսանում է Թուրքիայի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակը: «Թուրքիայի եւ Հարավային Կովկասի երկրների երկկողմանի կապերին զուգահեռ, մենք կարեւորում ենք տարածաշրջանային համագործակցության գերակայությունը: Թուրքիան, Ադրբեջանը եւ Վրաստանը վերջին շրջանում համատեղ ծրագրեր են իրագործել, որոնցից յուրքանչյուրը կարելի է բնութագրել որպես «հաջողության բանաձեւ»: Բաքու-Թբիլի-Ջեյհան նավթատարի շահագործման սկիզբը 2006թվականին, Բաքու-Թբիլիսի-Էրզրում նավթատարի նախագծման ավարտը, ինչպես նաեւ Կարս-Ախալքալակ-Թբիլիսի-Բաքու երկաթուղային ճանապարհի կառուցումը, որի շուտափույթ շահագործումն ենք ակնկալում, այդ կարեւոր ծրագրերից մի քանիսն են միայն»,- նշել է Թուրքիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---