Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել

Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել

PanARMENIAN.Net - Տավուշում բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներին ազատ են արձակվել, հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը։

Մայիսի 2–ի վաղ առավոտյան ոստիկանները բերման էին ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիների։ ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ 31 քաղաքացի տարվել էր Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին։

Մի քանի տասնյակ տղամարդկանց ոստիկանության բաժիններ տանելու հետևանքով գյուղում լարված վիճակ էր ստեղծվել, կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն, հայտնում է Panorama.am-ը։

Այդ ընթացքում կանայք լալիս էին, բարկացած խոսում, ոստիկաններին ամոթանք տալիս, ներկայացնում իրենց իրավիճակը։

«Գիտենք, որ եկել եք ոչ թե մեզ պաշտպանելու թշնամուց, այլ մեր տան դռները բացեք թշնամու համար»։ Մենք ճամփեն փակել ենք, նրանք եկել են բացեն, որ թուրքերին դիմավորեն»,-բարկացած, միմյանց ընդհատելով ասում էին կանայք։

ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել, որ ուժեղացված ծառայություն է իրականացնում ականազերծման գոտիներում։

«ՀՀ ՊՆ-ն Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի հանրապետության Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։ Ապրիլի 29–ի դրությամբ տեղադրվել է արդեն 35 սյուն, դա աշխատանքի կեսից ավելին է կազմում։

Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---