Հունիսին կկայանա հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստը

PanARMENIAN.Net - Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստը կկայանա 2006թ. մարտին: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին ՀՀ կառվարության մամլո ծառայությունում, Ուկրաինայի վարչապետի այդ առաջարկը ներկայացրել է այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Ուկրաինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն: Միաժամանակ, հաշվի առնելով երկրում ընթացող քաղաքական կարեւորագույն զարգացումները, Ուկրաինայի վարչապետն առաջարկել է միջկառավարական հանձնաժողովի նիստն անցկացնել այս տարվա հունիսին: Դեսպան Ալեքսանդր Բոժկոն նշել է, որ առաջարկության նպատակահարմարությունը պայմանավորված է նրանով, որ հունիսին արդեն ձեւավորված կլինի նոր խորհրդարան եւ նոր կառավարություն ու հնարավոր կլինի իրական եւ առավել արդյունավետ քննարկումներ կազմակերպել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հիմնախնդիրների շուրջ: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունելի է համարել ուկրաինացի գործընկերոջ առաջարկը, նշելով, որ Հայաստանը շահագրգռված է հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմամբ, նկատի ունենալով նաեւ այդ երկրում մեծաթիվ հայ համայնքի առկայությունը: Վարչապետը բարեմաղթել է, որ Ուկրաինայում առաջիկա խորհրդարանական ընտրություններն ընթանան բարեհաջող, ժողովրդավարության չափանիշներին համապատասխան: Հավաստելով իր երկրի կառավարության պատրաստակամությունը` հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունների զարգացման եւ կապերի առավել սերտացման հարցում, դեսպանը ներկայացրել է Ուկրաինայում քաղաքական ու տնտեսական զարգացումները` անդրադառնալով, մասնավորապես, մարտի վերջերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին եւ տնտեսական ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Պարոն Բոժկոն Հայաստանի կառավարության ղեկավարին է փոխանցել Ուկրաինայի վարչապետ Յուրի Եխանուրովի ուղերձը, որով նա պատրաստակամությամբ ընդունել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստի գումարման վերաբերյալ ՀՀ վարչապետի առաջարկությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---