Փոխվարչապետի մոտ քննարկվել է Սևան քաղաքում աշխատավարձի կուտակված պարտքի հարցը

Փոխվարչապետի մոտ քննարկվել է Սևան քաղաքում  աշխատավարձի կուտակված պարտքի հարցը

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ներկայացվեցին 2013 թ-ի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ համայնքների եկամուտների հավաքագրման ցուցանիշները:

Նիստը վարող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հանձնարարեց քննարկումներ կազմակերպել սեփական եկամուտների հավաքագրման խնդիրներ ունեցող մարզերում, տեղում ուսումնասիրել պատճառները և հետևողական աշխատանքներ տանել ցուցանիշների բարելավման ուղղությամբ:

Կոլեգիայում անդրադարձ կատարվեց նախորդ տարիներին կուտակված աշխատավարձերի պարտքի մարման ընթացքին և համայնքներում ընթացիկ պարտքերի կուտակման պատճառներին: Քննարկվեց, մասնավորապես` Սևան քաղաքում աշխատավարձի գծով կուտակված ընթացիկ պարտքի հարցը:

Փոխվարչապետը հանձնարարեց մեկ անգամ ևս ուսումնասիրել Սևանի քաղաքապետարանում աշխատավարձի ընթացիկ պարտքի առաջացման պատճառները, հարցը քննարկել Գեղարքունիքի մարզպետի և քաղաքապետի հետ: Նա անթույլատրելի համարեց համայնքների կողմից ընթացիկ պարտքերի կուտակումը և նշեց, որ հնարավորինս պետք է բացառել նոր պարտքերի կուտակումը` հաշվի առնելով, որ նախորդ տարիներին կուտակված աշխատավարձերի շուրջ 2,3 մլրդ դրամ պարտքից մարվել և հուլիսի 15-ի դրությամբ մնացել է 57 մլն 720 հազար դրամ պարտք:

Նիստի ընթացքում ներկայացվեցին նաև 2014 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում օգտագործվող հողի հարկի և գույքահարկի գծով 2012 թվականի ելակետային տվյալների, հողի հարկի և գույքահարկի բազաների ցուցանիշների, ինչպես նաև 2013 թվականի համայնքների բյուջեներում հաստատված պլանային ցուցանիշների համեմատական վերլուծության արդյունքները:

Ուսումնասիրության նպատակն է եղել պարզել, թե որքանով են համայնքների բազաները համապատասխանում լիազոր մարմինների բազաներին, որքանով են իրատեսական կազմվում համայնքների բյուջեները և ինչ մեթոդաբանությամբ են դրանք ձևավորվում:

Ա. Գևորգյանն առաջարկեց ՀՀ ԿԱ ոստիկանության, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ առաջիկայում խորհրդակցություն հրավիրել և քննարկել համայնքների ու լիազոր մարմինների բազաների համապատասխանեցմանը վերաբերող հարցեր, հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---