Արհմիությունների կոնֆեդերացիայի անդամ. Բողոքի ակցիաներին չենք միանում, որովհետև մեր նախագահը և անդամները վախվորած են

Արհմիությունների կոնֆեդերացիայի անդամ. Բողոքի ակցիաներին չենք միանում, որովհետև մեր նախագահը և անդամները վախվորած են

PanARMENIAN.Net - Տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ երիտասարդների պայքարն ու հաջողությունը ոգևորել է ՀՀ Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահության անդամ Կառլեն Հարությունյանին, և նա որոշել է բողոքել նաև իր անդամակցած կառույցի` այդ պայքարին չմասնակցելու, նախագահ Էդուարդ Թումասյանի և կառույցի ներքին խնդիրների դեմ:

«Էդուարդ Թումասյանը վախվորած մարդ է, ոչ մի բանի չի ուզում խառնվի, չի ուզում աշխատի: Անդամներն էլ վախենում են պայքարել նրա դեմ, նաև երիտասարդների պայքարին միանալ: 290 անգամ մասնակցել է Կառավարության նիստերին ու ոչ մի անգամ ոչ մի խնդրի մասին ձայն չի հանել», - ասաց Կառլեն Հարությունյանը ու նշեց, որ հենց նախագահության նիստից է գալիս ու նույնը, իր խոսքով, այնտեղ էլ է ասել:

Նա ընդգծեց, որ արհմիությունների գործը աշխատավորների շահերը պաշտպանելն է, անաչառ, անկողմնակալ, սկզբունքային լինելը: «Իսկ մեր կոնֆեդերացիան դրա ճիշտ հակառակն է: Այդ պատճառով էլ փոշիացվել է մեր ամբողջ գույքը, այդ թվում մոտ 30 հանգստյան տներ: Արհմիությունների շարժը դադարել է, 50 տոկոսով անդամակցությունը նվազել է», - ասաց նա ու ավելացրեց, որ անձից շատ բան է կախված ու նախագահի փոփոխությունը, հնարավոր է, արհմիությունները վերակենդանացնի:

Իսկ գույքի փոշիացման հարցով Գլխավոր դատախազություն է դիմել, պատասխանել են` ուսումնասիրությունը կատարվել է, ոչ մի խախտում չի հայտնաբերվել: Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի խոսքով, արհմիությունների գույքը փոշիացվել է այն խառը ժամանակներում, երբ սեփականաշնորհվում էր պետական գույքը, իսկ արհմիությունների գույքը սխալմամբ որպես պետական է ընկալվել:

«Իսկ արհմիությունների նշված խնդիրների հիմնական պատճառն այն է, որ մենք չունենք մեծ ձեռնարկություններ: 3-10 աշխատակից ունեցող կազմակերպություններում բողոքի ձայնը, բնականաբար, չի լսվի, փոխարենն առնվազն 1000 աշխատակից ունեցող ընկերութունում չեն կարող հաշվի չնստել աշխատակիցների կարծիքի հետ», - ասաց Արմեն Պողոսյանը` նկատելով, որ Հայաստանում գործող նման ընկերությունների կառավարմանը մասնակցում են նաև արտասահմանցի սեփականատերեր, որոնք, իրենց հերթին, ուրիշ կանոններ ունեն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---