ԱՆ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի դրամաշնորհային ծրագիրը գերազանց է կատարվել

ԱՆ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի դրամաշնորհային ծրագիրը գերազանց է կատարվել

PanARMENIAN.Net - Գլոբալ հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի պորտֆոլիո մենեջեր Գեորգի Սակվարելիձեն պաշտոնական նամակ է ուղարկել ՀՀ առողջապահության նախարար, Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի նախագահ Դերենիկ Դումանյանին: Նամակով տեղեկացվում են ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի երկրորդ փուլի (2012թ. հոկտեմբեր – 2013թ. մարտ) կատարողականի պաշտոնական գնահատման արդյունքները։ Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱՆ մամուլի ծառայությունից:

Մասնավորապես նշվում է, որ «Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցություն» դրամաշնորհային ծրագիրը ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվել է գերազանց` արժանանալով А1 գնահատականի (100%-ից բարձր կատարողական), ինչը զգալի առաջընթաց է նախորդ հաշվետու ժամանակաշրջանի B1-ի (60-89% կատարողական) նկատմամբ: 2012թ. հոկտեմբեր – 2013թ. մարտ ընթացքում ծրագրի կատարողականի 8 ցուցանիշից 7-ի դեպքում ակնկալիքները գերազանցվել են:

Գեորգի Սակվարելիձեն անդրադարձել է նաև դրամաշնորհային միջոցների ենթաստացող կազմակերպությունների հաջողություններին: ՀՀ ԱՆ ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի կողմից ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում իրականացվող օպորտունիստական վարակների բուժման ցուցանիշի շեշտակի աճ է արձանագրվել, բարձրացել է հակառետրովիրուսային բուժման մեջ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ընդգրկման մակարդակը: ՀՀ ԱՆ Հոգեբուժական բժշկական կենտրոնի Նարկոլոգիական կլինիկայի կողմից մեթադոնային փոխարինող բուժման մեջ ընդգրկվածությունը կազմել է 88%, որը 22%-ով գերազանցել է նախորդ հաշվետու ժամանակաշրջանի ցուցանիշը:

Գլոբալ հիմնադրամն իր գոհունակությունն է արտահայտել մեթադոնային փոխարինող բուժման ծրագիրը հանրապետության երկրորդ մեծ քաղաքում` Գյումրիում ընդլայնելու ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնության վերաբերյալ:

Բարձր են գնահատվել նաև ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության աշխատակիցների կողմից բանտարկյալների շրջանում իրականացվող ՄԻԱՎ կանխարգելմանն ուղղված իրազեկման և կանխարգելիչ այլ միջոցառումները: Ծրագրի նախորդ հաշվետու փուլերում արձանագրված բարձր ցուցանիշները ևս պահպանվել են:

Նամակում նշվում է, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից դրամաշնորհային ծրագրի կառավարումն իրականացվում է արդյունավետ, ինչը կնպաստի նոր ձեռքբերումների ապահովմանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---