12 օգոստոսի 2013 - 15:18 AMT
Քաղաքապետը հույս է հայտնել, որ նոր գլխավոր ճարտարապետն իր նպաստը կունենա քաղաքաշինական զարգացման գործում

Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է Երևան քաղաքի նոր գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին և հույս հայտնել, որ, պահպանելով մայրաքաղաքի ընդհանուր ճարտարապետական դիմագիծն ու կիրառելով նոր մոտեցումներ, ճարտարապետը իր նպաստը կունենա Երևանի քաղաքաշինական զարգացման գործում:

Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ «Երևանյան ամառ» ծրագրով իրականացվող առողջապահական ակցիայի շրջանակում օգոստոսի 1-ից 9-ը համաբուժարաններ է դիմել 761 քաղաքացի, որից 205-ը ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության, 24-ը` վիրահատության: Քաղաքապետը հանձնարարել է յուրաքանչյուր ուղեգրված հիվանդի հարցում լինել հետևողական: Լենինգրադյան-Իսակով և Ուլնեցի-Ռուբինյանց նոր ավտոճանապարհների կառուցման ընթացքի հետ կապված զեկուցվել է, որ աշխատանքները կատարվում են սահմանված ժամանակացույցի համաձայն` երկու հերթափոխով: ճանապարհների որոշ հատվածներում արդեն մեկնարկել են բարեկարգման և կանաչապատման աշխատանքները:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է պատրաստել Գլխավոր պողոտայի` Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց և Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջանկյալ հատվածների վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերն ու կազմել դենդրոնախագիծ` 2014 թվականի տարեկան ծրագրում ներառելու և իրականացնելու համար:

«Պետք է աշխատանքներ տանել Գլխավոր պողոտայի երկու հատվածները բարեկարգելու և կանաչապատելու ուղղությամբ: Պետք է վերականգնենք երևանցիների կողմից ժամանակին սիրված հանգստի գոտիները և ունենանք տեսանելի փոփոխություններ մայրաքաղաքի այս հատվածներում»,-ընդգծել է քաղաքապետը:

Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են «Հաղթանակ» զբոսայգում ներդրումային ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքները:

Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ շինհրապարակների կազմակերպման պայմանների պահպանման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների արդյունքում շինհրապարակների պատնեշները միասնական մոտեցմամբ պաստառապատվել են: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շինարարական աշխատանքների կազմակերպման համար տրամադրվող քաղաքաշինական փաստաթղթերում ամրագրել շինհրապարակի էկոլոգիական չափանիշներով կահավորումն ու համապատասխան պայմանների ապահովումը` հարակից տարածքներն աղտոտումից զերծ պահելու ուղղությամբ:

Շարունակվում են օբյեկտներին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման աշխատանքները: Երևանի ավագանու կողմից հաստատված պարտադիր բարեկարգման նորմերը լավագույնս պահպանած տնտեսվարողներն առաջիկայում կպարգևատրվեն շնորհակալագրով:

Զեկուցվել է նաև Նոր Խարբերդ թաղամասի էլեկտրամատակարարման, ջրամատակարարման ու գազաֆիկացման ընթացիկ աշխատանքների մասին:

«Անվտանգ Երևան» ծրագրի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների հետ կապված` «Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ կատարվում են միջազգային փորձի ուսումնասիրման աշխատանքներ, առաջիկայում լրամշակումից հետո կներկայացվի կոնկրետ նախագիծ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: