Հակոբ Ինջիղուլյանին ադրբեջանցի հովիվնե՞րն են բռնել. Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական հիմար իրավիճակում է

Հակոբ Ինջիղուլյանին ադրբեջանցի հովիվնե՞րն են բռնել. Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական հիմար իրավիճակում է

PanARMENIAN.Net - Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական անգամ հիմար իրավիճակում է հայտնվել: Apa լրատվական գործակալությունն այսօր տեղեկություն է տարածել, թե պարզել է Հակոբ Ինջիղուլյանի հետ Ադրբեջանի տարածք անցնել փորձող և ականի վրա պայթած զինծառայողի անունը`Արմենակ Հակոբյան: Բայց աբսուրդն այստեղ այն չէ, որ հակառակորդը հերթական պատեղեկատվությունն է տարածում. Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում, հերքել է հայ զինծառայողի` ականի վրա պայթելու մասին տեղեկությունը:

Ադրբեջանական լրատվամիջոցը գրում է, որ Արմենակ Հակբյանը, տեսնելով որ Հակոբ Ինջիղուլյանին բռնել են ադրբեջանցի հովիվները, փորձել է փախչել ու ականի վրա պայթել է: Հակոբ Ինջիղուլյանին ադրբեջանցի հովիվնե՞րն են բռնել: Եթե շարունակենք ադրբեջանական «տրամաբանությամբ» նշանակում է 2 հայ զինծառայող կարողացել են անցնել ադրբեջանական կողմից սահմանը հսկող Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների միջով և ոչ ոք դա չի նկատել, իսկ նրանցից մեկին դեռ հաջողվել է նույն ճանապարհով վերադառնալ (ականի վրա պայթել, վիրավորվել):

Անհիմն, տրամաբանության ոչ մի սահմանում չտեղավորվող լուրեր տարածելու ադրբեջանական փորձերը տապալվում են, ավելին, հակառակ արդյունք ունենում, որովհետև վերջին օրերին այնքան ապատեղեկատվություն են տարածել, որ իրենք արդեն մոլորվել են:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-իլույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:

Ադրբեջանում ոչ միայն մինչև այսօր թույլ չեն տալիս ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի աշխատակիցներին այցելել գերեվարված հայ զինծառայողին, այլև, խախտելով «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի կոնվենցիայով սահմանված նորմը, ադրբեջանական ANS հեռուստաալիքը «հարցազրույց» է վերցրել նրանից: Իսկ «հարցազրույցը» միայն ցույց տվեց Ժնևի կոնվենցիայի` ռազմագերու հետ վարվելակերպի, հագուստին, անձնական իրերին վերաբերող կետերի խախտումները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---