ԱՄՆ Պետդեպարտամենտը չի մեկնաբանում Հայաստանում ԱՄՆ դեսպանին ետ կանչելու մասին հաղորդագրությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին ետ կանչելու մասին հաղորդագրությունը: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Ղամբարյանի խոսքերով, Պետդեպարտամենտը խուսափում է մեկնաբանել այն հաղորդագրությունն, ըստ որի Ջ.Էվանսը ետ է կանչվել, քանի որ նա համարձակություն է ունեցել կոչ անել պետական պաշտոնյաներին ասել ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին: Նշենք, որ ավելի վաղ ANCA-ի նախագահ Քեն Խաչիկյանը նամակ էր հղել ԱՄՆ պետքարտուղար Ք.Ռայսին, որտեղ, մասնավորապես, ասվում էր. «Քանի որ Պետդեպարտամենտը պատժամիջոցներ է կիրառում դեսպան Ջ.Էվանսի դեմ, անհրաժեշտ է հիմնավորված եւ բացահայտ կերպով պարզաբանել հայ ժողովրդին Ձեր քաղաքականությունը: Իսկ եթե Պետդեպարտամենտը չի կիրառել նման միջոցներ, հարկ է հայտնել ամերիկյան ժողովրդին, որ ԱՄՆ-ն չի վարում Հայոց ցեղասպանության մասին ճշմարտություն ասելու համար իր դիվանագետներին պատժելու քաղաքականություն:



Մինչդեռ, ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում զետեղված տեղեկատվության, պատասխանելով Ջ.Էվանսի հնարավոր պաշտոնանկության մասին հարցին` Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Թոմ Քեյսին հայտարարել է, որ «Հայաստանում ԱՄՆ դեսպանը եւ նրա թիմը վայելում են ԱՄՆ նախագահի վարչակազմի լիակատար վստահությունը»:



Հիշեցնենք, որ 2005 թվականի փետրվարի 19-ին ելույթ ունենալով Կալիֆորնիայի Բերքլի համալսարանում Ջոն Էվանսը ցեղասպանություն էր անվանել 1915 թվականի իրադարձությունները: Իր հետագա մեկնաբանություններում այդ առնչությամբ դեսպանը հայտարարել է, որ արտահայտել է իր անձնական կարծիքը, ոչ թե Միացյալ Նահանգների պաշտոնական դիրքորոշումը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---