16 օգոստոսի 2013 - 19:00 AMT
Ոստիկանությունը ևս պատրաստվում է սեպտեմբերի 1-ին. Ոստիկանապետի ցուցումները

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրահանգով թարմացվում են հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունների մոտ գտնվող ճանապարհային գծանշումներն ու երթևեկությունը կարգավորող ճանապարհային նշանները: Ինչպես հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, ապահովվելու է նաև լուսակիրների անխափան աշխատանքը, իսկ դպրոցամերձ այն փողոցներում, որոնք չունեն գետնուղիներ և չեն կարգավորվում գծանշումներով ու լուսացույցներով, անցումը կկազմակերպվի խմբերով` ոստիկանական վերակարգերի ուղեկցությամբ և օժանդակությամբ:

Դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների մոտ հերթափոխային պարեկում կիրականացնեն ոստիկանական կարգախմբերը, որոնց կազմում կներգրավվեն ճանապարհային ոստիկանության, համայնքային ոստիկանության, պարեկապահակետային ծառայողներ, անչափահասների գործերով տեսուչներ: Համաձայն ոստիկանապետի մեկ այլ ցուցումի` ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում մարզերի բնակիչների և գյուղապետերի հետ` հորդորելով գյուղատնտեսական մթերքներ տեղափոխող մեքենաներ վարելիս լինել առավել զգոն: Վարորդներին բաժանվել են հատուկ լուսարձակիչներ, որպեսզի ավտոմեքենաներն երթևեկելիս ավելի տեսանելի լինեն թե΄ այլ վարորդների, թե΄ երթևեկության մյուս մասնակիցների համար: