Արմավիրի մարզում բացվել է 3-րդ ամբուլատորիան

Արմավիրի մարզում բացվել է 3-րդ ամբուլատորիան

PanARMENIAN.Net - Արմավիրի մարզում այսօր տեղի է ունեցել նորակառույց երրորդ ամբուլատորիայի բացման արարողությունը, որին մասնակցել է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։ Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱՆ լրատվական բաժնից։

«Ինչ խնդիրներով էլ մարդիկ այցելեն այս ամբուլատորիան, պետք է առողջացած դուրս գան։ Իսկ դրա համար շատ կարևոր է նաև մարդկային գործոնը։ Վստահ եմ, որ անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և հնարավորություններով ապահովված նորակառույցում մեր մասնագետներն ավելի մեծ նվիրումով կաշխատեն ու առավել հոգատարությամբ կվերաբերվեն հիվանդներին»,- ասել է նախարարը Արմավիրի մարզի Բաղրամյան-1-ում տեղակայված բժշկական ամբուլատորիայի բացման ժամանակ ունեցած ելույթում։

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ նա ծանոթացել է ութ ամսվա ընթացքում կառուցված ամբուլատորիայի պայմաններին ու բուժծառայությունների կազմակերպման հնարավորություններին և իր գոհունակությունը հայտնել շինարարներին` կատարված բարձրորակ աշխատանքների համար։

Ամբուլատորիան կառուցվել է «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր - 2» հավելյալ ֆինանսավորման վարկային ծրագրով։ Այն հագեցվել է առողջության առաջնային պահպանման ծառայության մատուցման համար նախատեսված անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, բժշկական կահույքով, բժշկական պարագաներով: Ամբուլատորիայի մեկ բժիշկ և երկու բուժքույր մասնագիտացել են որպես ընտանեկան բժիշկ և բուժքույր:

Վերջին մեկ ամսվա ընթացքում Արմավիրի մարզում բացված երրորդ նորակառույց ամբուլատորիան կսպասարկի Բաղրամյան-1 և Շենիկ համայնքների շուրջ 2150 բնակչությանը:

Ամբուլատորիայի կառուցման համար ներդրվել է շուրջ 55.6 մլն դրամ, որից շուրջ 51.3 մլն դրամը` շինարարության, և շուրջ 4.3 մլն` բժշկական սարքավորումներ, պարագաներ և կահույք ձեռք բերելու համար:

Դերենիկ Դումանյանը տեղեկացրել է, որ մինչև տարեվերջ Արմավիրի մարզում կսկսվի ևս մեկ ամբուլատորիայի շինարարությունը։ Այդպիսով մարզի 52 բժշկական ամբուլատորիայից 45-ը կլինի ժամանակակից պահանջներին համապատասխան։

 Ուշագրավ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
---