Արմավիրի մարզում ոռոգման համակարգի խորքային հորեր են վերականգնվել

Արմավիրի մարզում ոռոգման համակարգի խորքային հորեր են վերականգնվել

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Արմավիրի մարզում ծանոթացել է Ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2013թ. պետական ծրագրի շրջանակում կատարված աշխատանքներին: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի պատասխանատուների ուղեկցությամբ փոխվարչապետը եղել է «Սևջուր-Ախթամար» և «Ակնալիճ» ՋՕԸ-երի սպասարկման տարածքներում, որտեղ կատարվել են խորքային հորերի վերականգնման, խողովակաշարերի երկարացման, ջրահավաք հանգույցների կառուցման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ վերականգնվել է 12 և հորատվել է 8 նոր հոր, որոնք, ըստ պատասխանատուների, զգալիորեն մեղմում են սակավաջրության խնդիրը նշված ՋՕԸ-երի սպասարկման տարածքում գտնվող շուրջ երկու տասնյակ համայնքների համար: Ծրագրով վերոնշյալ աշխատանքների համար հատկացվել էր 540 մլն դրամ:

ՋՕԸ-երի ղեկավարները փոխվարչապետին տեղեկություններ են ներկայացրել ընթացիկ իրավիճակի մասին: Ա. Գևորգյանը հորդորել է ոռոգման աշխատանքները կազմակերպել հնարավորինս արդյունավետ, ջուրը խնայողաբար օգտագործել` միաժամանակ ապահովելով գյուղացիական տնտեսությունների պահանջարկը:

Փոխվարչապետին զեկուցվել է նաև Ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2013թ. պետական ծրագրի շրջանակում մարզում իրականացված այլ աշխատանքների մասին: Նշվել, որ խորքային հորերի վերականգնման և ջրանցքների վերանորոգման աշխատանքներ են իրականացվել նաև «Մերձափնյա», «Վաղարշապատ», «Խոյ», «Մուսալեռ» ՋՕԸ-երի տարածքներում:

Ա. Գևորգյանն այցի շրջանակում եղավ նաև մարզի Արտաշար, Երասխահուն, Գայ և Զարթոնք համայնքներում, հանդիպումներ ունեցավ բնակչության հետ, որոնք բարձրացրել են համայնքների համար առաջնային նշանակություն ունեցող մի շարք խնդիրներ: Դրանք հիմնականում վերաբերել են մատակարարվող խմելու և ոռոգման ջրի ծավալներին, ոռոգման ցանցերի արդիականացմանը, ճանապարհների բարեկարգմանը, ինչպես նաև գյուղմթերքի իրացմանը: Փոխվարչապետը նշել է, որ բարձրացված խնդիրները կքննարկվեն կառավարությունում, ինչպես նաև տեղեկություններ է ներկայացրել մարզում իրականացվող և իրականացվելիք ծրագրերի, հատկապես ոռոգման համակարգի ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված աշխատանքների մասին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---