Արմեն Աշոտյան. Առայժմ վաղ է խոսել ավագ դպրոցների կայացած լինելու մասին

Արմեն Աշոտյան. Առայժմ վաղ է խոսել ավագ դպրոցների կայացած լինելու մասին

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյաննօգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում այսօր Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում խորհրդակցություն է վարել, որին մասնակցել են հանրապետության ավագ դպրոցների տնօրեններ:

Շեշտելով, որ ավագ դպրոցների բարեփոխումը դեռևս ավարտված չէ՝ նախարարն ընդգծել է, որ հիմնական խնդիրն ավագ դասարաններում կրթության որակի ապահավումն է:

«Մենք ավագ դպրոցների՝ այսինքն 12-ամյա համակարգով դպրոց հաճախած երեխաների առաջին շրջանավարտները կունենանք 2018 թվականին, հետևաբար առայժմ վաղ է խոսել ավագ դպրոցների կայացած լինելու մասին: Սակայն այսօր արդեն, վստահաբար, կան մրցունակ ավագ դպրոցներ, որոնք կարողանում են համալրել բավական շատ թվով ավագ դասարաններ, կան նաև դպրոցներ, որոնք ունեն աշակերտի խնդիր, հետևաբար չեն ապահովում անհրաժեշտ կրթության որակ: Ավագ դպրոցն այսօր պետք է պայքարի աշակերտի համար՝ մրցակցելով մի կողմից այլ ավագ դպրոցների, մյուս կողմից քոլեջների ու ուսումնարանների հետ: Նման պայմաններում ավագ դպրոցները պետք է կարողանան ապահովել կրթական միջավայր, որը աշակերտների ներգրավման համար առաջին նախապայմանն է»,- նշել է նախարարը:

Անդրադառնալով տնօրենների կողմից հաճախ բարձրացվող այն հարցին, թե քոլեջներն ու ուսումնարաններն այսօր հիմնական դպրոցի շրջանավարտի համար ավելի հրապուրիչ են, քան ավագ դպրոցները, ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ ՄԿՈՒ համակարգի մրցունակությունը համեմատաբար բարձր է, քանի որ պետությունն այստեղ 50 տոկոսով ավելացրել է պետական պատվերը, բացի այդ վերացվել են ընդունելության քննությունները:

Բացի այդ, քոլեջից համեմատաբար հեշտ ճանապարհով բուհ տեղափոխվելու հնարավորությունն առկա է:

ՀՀ ԿԳ նախարարը մտահոգիչ է համարել ավագ դպրոցների շենքային պայմանների բարելավումը, նշելով, որ այդ խնդիրը լուծում կստանա Համաշխարհային բանկի վարկային ծրագրով, որի հաստատումից հետո, ըստ առաջնահերթության, ավագ դպրոցներում հիմնանորոգման աշխատանքներ կիրականացվեն: Միաժամանակ ավագ դպրոցների վերանորոգման նպատակով գումարներ են հատկացվել նաև պետական բյուջեից՝ մասնավորապես այժմ կառուցվում է Կապանի թիվ 2 ավագ դպրոցը, վերակառուցվել է նաև Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցը: Իբրև ձեռքբերում նախարարը նշել է նաև, որ բավական աշխատանքներ են կատարվել ավագ դպրոցների տեխնիկական հագեցվածության բարելավման ուղղությամբ:

Պատասխանելով քիչ թվով աշակերտներ ունեցող ավագ դպրոցների վերամիավորման մասին հարցին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ հատկապես մի շարք մարզերում նման խնդիր կա, ուստի չի բացառվում, որ ավագ դպրոցները կարող են վերակազմավորվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---