Սիրիան կռմբակոծեն, հարցը միայն ժամկետն է

Սիրիան կռմբակոծեն, հարցը միայն ժամկետն է

PanARMENIAN.Net - Բարաք Օբաման ստացավ Ներկայացուցիչների պալատի և Սենատի բանաձևի աջակցությունը Սիրիային հարված հասցնելու հարցում, ինչը, ընդհանուր առմամբ, սպասելի էր: Դեռ երկար ժամանակ Միացյալ Նահանգները մտածելու են, թե ժողովրդավարության ջատագովն են աշխարհում, ճիշտ է, բավականին, ինքնատիպ ժողովրդավարության:

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Պալատի խոսնակ, հանրապետական Ջոն Բեյները և ժողովրդավարական փոքրամասնության առաջնորդ Նենսի Փելոսին հորդորեցին իրենց գործընկերներին քվերակել բանաձևի օգտին: Բեյները հայտարարել է, որ ԱՄՆ-ն պարտավոր է պատժել սիրիական ռեժիմը քիմիական զենքի կիրառման համար, իսկ Նենսի Փելոսին ասել է, որ Կոնգրեսը պետք է թույլատրի ուժի կիրառումը:

Բանաձևի օգտին հանդես եկավ նաև Ներկայացուցիչների պալատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Էրիկ Քանթորը, ինչպես նաև Սենատի պաշտպանության հանձնախմբի ղեկավար Կարլ Լևինը:

Ինչպես ակնկալվում է, ԱՄՆ Կոնգրեսը կքննարկի Սիրիայի վերաբերյալ բանաձևը սեպտեմբերի 9-ին պալատների համատեղ նիստում:

Նախօրեին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ծավալուն հարցազույց է տվել ֆրանսիական Le Figaro-ին, որտեղ համեմատել է Մերձավոր Արևելքը վառոդի տակառի հետ: «Հարկ է խոսել ոչ միայն ԱՄՆ հարվածի դեպքում Սիրիայի պատասխանի մասին, այլ նաև այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ հետո: Իսկ հիմա ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կպատահի: Իրավիճակն ամբողջությամբ դուրս կգա վերահսկողությունից, քանի որ վառոդի տակառը կպայթի: Մեզ քաոս ու ծայրահեղականության տարածում է սպասում: Տարածաշրջանային պատերազմի վտանգ կառաջանա»,-ասել է նա: Եվ հետո. «Մեր ինչների՞ս էր հարկավոր քիմիական զենք կիրառելը, եթե մեր վիճակն ավելի լավ է այժմ, քան անցած տարի: Ի՞նչ պետք է ցանկացած պետության բանակին զանգվածային ոչնչացման զենք օգտագործել, եթե այն առանց այդ էլ առաջ է գնում սովորական զենքի միջոցով: Բացի այդ, մի՞թե կարելի է քիմիական զենք օգտագործել Դամասկոսի արվարձանում՝ չսպանելով տասնյակ հազարավոր մարդկանց: Ինչպես ձեզ հայտնի է, այդ նյութերը տարածվում են քամու միջոցով…Բոլոր մեղադրանքները հիմնված են ահաբեկիչների պնդումների ու ինտերնետում զետեղված անհասկանալի տեսանյութերի վրա»:

Բայց այս ամենը չի հուզում Օբամային՝ նա ուզում է ռմբակոծել Սիրիան, ուրեմն այդպես էլ կլինի: Եթե ոչ հիմա, ապա մեկ շաբաթ, 10 օր անց, բայց կլինի: Դրանից հետո կարծես տեղին չէ խոսել խաղաղապահի դերի մասին իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում: Եվ իրոք, ի՞նչ օրինակ է ցույց տալիս Օբաման Իսրայելին: Եթե ամեն ինչ արվում է, ըստ ԱՄՆ վարկածի, պաշտպանելու համար հրեական պետությունը, ապա խոստովանենք, լավագույն ճանապարհը չի ընտրվել: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ արաբական աշխարհը մեղադրում է ԱՄՆ-ին իսրայելամետ քաղաքականություն վարելու համար՝ Վաշինգտոնում հզոր հրեական լոբբիի առկայությամբ պայմանավորված: Շատ հնարավոր է, որ արաբներն իրավացի են: Սակայն Իսրայելը, չգիտես ինչու, հաշվի չի առնում ժամանակի գործոնը. այն հաղթանակները, որոնք նվաճվեցին 1967թ. և ավելի վաղ, այժմ առասպելների գիրկն են անցել: Այն ժամանակ Իսրայելը մարտնչում էր արաբական երկրների կանոնավոր բանակի դեմ, իսկ այժմ պետք է դիմակայի ահաբեկչական խմբավորումներին, որոնք Սիրիայի ուղղությամբ հարվածից հետո իրոք Մերձավոր Արևելքը կվերածեն քաոսի:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---