ԱՄՆ-ն որոշ չափով մեղմացրել է Իրանի հանդեպ պատժամիջոցները

ԱՄՆ-ն որոշ չափով մեղմացրել է Իրանի հանդեպ պատժամիջոցները

PanARMENIAN.Net - ԱՄՆ վարչակազմը աննշան չափով մեղմացրել է Իրանի հանդեպ պատժամիջոցների ռեժիմը, ինչը թույլ կտա ԱՄՆ հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչներին աշխատել Իրանի տարածքում և ապահովել երկու երկրների մարզական ասոցիացիաների համագործակցությունը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:

Ինչպես ասվում է հայտարարության մեջ, ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք զբաղվում են տարերային աղետների հետևանքների վերացմամբ, վայրի բնության պահպանությամբ, մարդու իրավունքների պաշտպանությամբ, կարող են աշխատել Իրանում առանց հատուկ թույլտվության, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, ուղղումները թույլ են տալիս սպորտային ասոցիացիաներին ֆինանսավորել մարզական միջոցառումներն առանց համապատասխան հարցումների:

Օրերս Իրանի նախագահ Հասան Ռոուհանին միջուկային խնդրի գծով բանախոսի լիոզորությունները հանձնեց Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:

Իրանի միջուկային ծրագիրը սկսվել է 1967 թվականին, երբ ԱՄՆ-ն Իրանի շահ Մուհամմեդ Ռեզա Փեհլևիին հանձնեց 5 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորը: Այնուհետև այդ հարցում Իրանին տեխնոլոգիական աջակցություն են ցույցն տվել Գերմանիան ու Ֆրանսիան: Իրանը 1968թ. ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրն ու վավերացրել այն 1970-ին:

Դիվանագիտական հարաբերություններն Իրանի ու ԱՄՆ միջև խզվեցին 1979 թվականին, իսլամական հեղափոխությունից հետո, երբ պատանդ վերցվեցին Թեհրանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները: ԱՄՆ դեսպանատան 52 աշխատակիցներ ազատ արձակվեցին 444 օր անց՝ 1981 թ.: Պատանդները ազատ արձակվեցին Ալժիրի կառավարության միջնորդությամբ, Ռոնալդ Ռեյգանի երդմնակալության օրը: ԱՄՆ-ում Իրանի շահերը ներկայացնում է Պակիստանի դեսպանատունը:

ԱՄՆ-ն մեղադրում է Իրանին ատոմային զենքի ստեղծման ուղղությամբ գաղտնի աշխատանք տանելու մեջ: Դեռ 2002թ. ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը դասեց Իրանը «չարիքի առանցքի» երկրների շարքին, որոնք ֆինանսավորում են ահաբեկիչներին ու ձգտում միջուկային զենք ստանալ: ԱՄՆ-ն փորձում է հասնել Իրանի միջազգային մեկուսացման: Սակայն ԱՄՆ ջանքերը հակազդեցություն են ստանում Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Ռուսաստանի կողմից, որը կապված է Իրանի հետ ռազմական տեխնիկայի մատակարարման վերաբերյալ պայմանագրերով ու Բուշերում ԱԷԿ-ի կառուցմամբ: 2003թ. Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները համոզում են Իրանին համաձայնվել և ստորագրել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի հավելյալ արձանագրությունը, որը թույլ է տալիս ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին ստուգել ցանկացած վտանգավոր օբյեկտ: Այդ փաստաթուղթն այդպես էլ չվավերացվեց Իրանի խորհրդարանի կողմից, ուստի Իրանը հաճախ ուղղակի անտեսում է ՄԱԳԱՏԷ-ի ստուգման պահանջները:

2008թ. միջուկային ծրագրի շուրջ հարցը այդպես էլ չլուծվեց: Իրանը շարունակում է պնդել, որ իր ծրագիրը խաղաղ բնույթ է կրում, չհրաժարվելով պայմանագրով իր պարտավորություններից, նշելով, որ Իսրայելը, որը միջուկային զենք ունի, չի ստորագրել չտարածման մասին պայմանագիրն ու ոչ մի պարտավորություն չի կրում: ՄԱԿ ԱԽ տեսակետից Իրանը, որպես պայմանագրի անդամ, պետք է վստահելի ապացույցներ ներկայացնի, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ է:

Իրանի ու «վեցնյակի» հերթական բանակցությունները կվերսկսվեն սեպտեմբերի 27-ին, հիմնական հարցը կլինի Փարչինի ռազմական օբյեկտը, ուր արդեն երկար ժամանակ է փորձում են մուտք ստանալ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները: Որտեղ կկայանա հանդիպումը, դեռ հայտնի չէ: Իրանը պնդում է, որ Փարչինի օբյեկտը կապ չունի միջուկային ծրագրի հետ, հետևաբար, չի մտնում այն օբեյկտների ցանկը, որոնք կարող է հսկել գործակալությունը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---