Ըստ ՄԱԿ փորձագետների, իրավիճակը Սիրիայում փակուղային է, բայց պետք է խուսափել ռազմական միջամտությունից

Ըստ ՄԱԿ փորձագետների, իրավիճակը Սիրիայում փակուղային է, բայց պետք է խուսափել ռազմական միջամտությունից

PanARMENIAN.Net - Սիրիայում մարդու իրավունքների հնարավոր խախտումները հետաքննող ՄԱԿ հանձնաժողովը հրապարակել է 49-էջանոց զեկույցը 2013թ. մայիսի 15-ից` հուլիսի 15-ի իրադարձությունների վերլուծությամբ: Ինչպես ասվում է հայտարարության մեջ, ռազմական հանցագործություններ Սիրիայում կատարում են երկու կողմերը, հայտնում է Reuters-ը: Զեկույցում նշվում է, որ բոլոր նրանք, ովքեր մեղավոր են միջազգային օրենսդրությունը խախտելու մեջ, պետք է դատվեն:

Հայտարարության հեղինակները կառավարական ուժերի վրա են բարդել «քաղաքացիական բնակչության դեմ լայնածավալ հարձակումների, սպանությունների, խոշտանգումների, բռնաբարությունների ու առևանգումների համար» պատասխանատվությունը, հայտնում է ITAR-TASS-ը: Ընդդիմադիրները նույնպես «մահապատիժներ են իրականացրել առանց պատշաճ դատավարության, կտտանքների ենթարկել մարդկանց, պատանդ վերցրել, հարվածներ հասցրել պահպանվող օբյեկտներին»: Բացի այդ, զեկույցում ասվում է, որ «հակակառավարական ու քրդական զինված խմբավորումները ներգրավում են երեխաներին զինված գործողություններում»:

Ըստ ՄԱԿ փորձագետների, իրավիճակը Սիրիայում փակուղային է, բայց պետք է խուսափել ռազմական միջամտությունից, հայտնում է RIA Novotsi-ն: Ինչպես ասվում է փաստաթղթում, «դա կհանգեցնի ռազմական գործողությունների թեժացմանը…ռազմաճակատում»: Ըստ հանձնաժողովի անդամների, դեպի խաղաղություն տանող միակ ճանապարհը «Ժնևի կոմյունիկեի սկզբունքների վրա հիմնված քաղաքական լուծումն է»:

Մինչդեռ Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ-ին է փոխանցել սիրիացի գրոհայինների կողմից քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ փաստաթղթերը: Մինչ այդ Ռուսաստանն առաջարկել էր Սիրիային քիմիական զենքը հանձնել միջազգային հսկողության տակ: Սիրիան համաձայնվել էր:

Քիմիական զենքի հանդեպ հսկողություն հաստատելու նախաձեռնությունը ռազմական միջամտության մասին հարցը հետին պլան է մղել: Դա խոստովանել են Սպիտակ տանը, գրում է Reuters-ը: Ըստ դեմոկրատ սենատորների, նրանք նաև կարծում են, որ այժմ հայտնվել է խնդիր դիվանագիտական ճնապարհով լուծելու հնարավորություն:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռուստատեսությամբ ամերիկացիներին ուղղված իր ուղերձում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի միջամտի Սիրիայում քաղաքացիական պատերազմին. «Դեմ էի ռազմական գործողություններին, որովհետև մենք չենք կարող ուժի միջոցով լուծել այլ երկրում ընթացող քաղաքացիական պատերազմը»,- հայտարարել էր Օբաման: Միևնույն ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ շահերից է բխում Սիրիային հարվածելը. այն կկանխի երկրում քիմիական զենքի կիրառումը. «Մենք պետք է կանխենք քիմիական զենքի հետագա կիրառումն ու տարածումը»,- նշել էր ԱՄՆ նախագահը:

«Սիրիայի տարածք զորքեր չեմ ուղարկի, անորոշ ժամկետով ռազմական գործողություններ չեմ ծավալի, ինչպես Իրաքում ու Աֆղանստանում, ինչպես նաև երկարատև օդային հարվածներ չեմ սկսի, ինչպես Լիբիայի ու Կոսովոյի դեպքում էր»,- ասել էր Օբաման:

Միացյալ Նահանգների նախագահը նաև նշել էր, որ «Ալ Քայիդա» ահաբեկչական խմբավորումը կարող է Սիրիայում քաոսի դեպքում ամրապնդել իր դիրքերը:

ԱՄՆ նախագահը նաև դիմել էր Կոնգրեսին՝ առաջարկելով հետաձգել Սիրիայի վերաբերյալ քվեարկությունը, ռուսական առաջարկի պատճառով: Նա խոստովանել էր, որ փոխել է մտադրությունը Ռուսաստանի առաջարկության շնորհիվ:

Ռուսաստանը Սիրիային առաջարկել էր քիմիական զենքը միջազգային հանրության հսկողությանը հանձնել: Սիրիայի ԱԳՆ ղեկավարն ու երկրի վարչապետը համաձայնվել էին ռուսական այդ նախաձեռնության հետ: Քիմիական զենքի սիրիական արսենալը ամենախոշորներից է Մերձավոր Արևելքում:

ԱՄՆ-ն Ասադին մեղադրում է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման մեջ, որի ընթացքում ավելի քան 1400 մարդ էր զոհվել: Սիրիական իշխանությունները կտրականապես հերքում են քիմիական զենքի կիրառումն ու հարձակման մեջ մեղադրում են ապստամբներին:

Մինչ Կոնգրեսն ու նախագահը փորձում են որոշում կայացնել, ԱՄՆ-ում բողոքի ակցիաներ են անցնում Սիրիայում ռազմական միջամտության դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---