Չինաստանն ուզում է հայկական կոնյակը տեսնել իր շուկայում

Չինաստանն ուզում է հայկական կոնյակը տեսնել իր շուկայում

PanARMENIAN.Net - Վերջին տարիներին Հայաստանի և Չինաստանի միջև գործակցությունըդինամիկ զարգանում է մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ տնտեսական, առևտրի, գիտության ու կրթության: Չինաստանը Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկրներից է, երկու պետությունների համար էլ 21 տարում դիվանագիտական արդյունավետ հարաբերություններ են եղել: Այսօր Չինաստանը Հայաստանի կարևոր առևտրային գործընկերն է: 2011թ. երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունըկազմել է 421 մլն դոլար, 2012թ. առաջին եռամսյակում այն արդեն հասել է 125 մլն դոլարի: Ուստի հայկական կողմն իրատեսական է համարում Չինաստանի հետ ապրանքաշրջանառությունը 500 մլն դոլարի հասցնել:

Չինաստանից Հայաստան ներկրվում են էլեկտրոնային սարքեր, համակարգչային տեխնիկա, տնտեսական ապրանքներ, շինանյութ, մետաղական կոնստրուկցիաներ, ավտոմեքենաներ, ավտոբուսներ, պոլիմերներ, հագուստ, ոսկերչական զարդեր: Հայաստանը Չինաստան է արտահանում մարմար, պղնձի խտանյութ, տուֆ, տարբեր քարեր, խողովակներ, և, իհարկե, կոնյակ:

2012 թ. տվյալներով Հայաստանում կոնյակի արտադրության ոլորտում մոտ 30 տնտեսվարող սուբյեկտ է գործում: Արտադրվող ապրանքի ծավալների մեծ մասը բաժին է ընկնում «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ին, հաջորդում է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն, առաջատարների եռյակում է նաև «Երևանի կոնյակի գինու և օղու» ԲԲԸ-ն:

Կոնյակի համաշխարհային շուկայում լեգենդար հայկական կոնյակը զբաղեցնում է շուկայի 2 տոկոսը: Գործարանի ԱՐԱՐԱՏ կոնյակների ամբողջ տեսականին՝ «Անի», «Ընտիր», «Ախթամար», «Տոնական», «Նաիրի», համաշխարհային շուկայում Հայաստանի բրենդն է: Հայկական կոնյակի ամենամեծ սպառողը նախկինի պես Ռուսաստանն է, նրան հաջորդում է Ուկրաինան և միայն հետո եվրոպական երկրները: Բայց վերջին երեք տարում աճել է հետաքրքրությունը նաև Չինաստանի 1-միլիարդանոց շուկայի հանդեպ, որը մի կողմից շատ գրավիչ է, մյուս՝ բարդ սպառողների նախապատվությունների առումով:

Ինչպես PanARMENIAN.Net ին ասացին «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ում, այս փուլում ԱՐԱՐԱՏ-ը բոլոր ավանդական շուկաներում վաճառքի արագ աճ է արձանագրում: Այդուհանդերձ, արտահանման դիվերսիֆիկացիայի հարցը մնում է օրակարգում: «Այս պահին ԱՐԱՐԱՏ-ը ներկայացված է Չինաստանի բոլոր պոտենցիալ ներմուծողների ուշադրությանը: Առարկայական հետաքրքրության դեպքում Երևանի կոնյակի գործարանը պատրաստ է քննարկել արտահանման հնարավոր ռազմավարությունները»,- ասացին գործարանում:

ԵԿԳ-ում նշել են նաև, որ, ելնելով ազգային ըմպելիքի իմիջային նախապայմանից, ԱՐԱՐԱՏ-ի մուտքը Չիանաստան անհրաժեշտ է դիտարկել թե՜ սպառման և թե՜ շուկայավարական տեսանկյունից: Այլ կերպ ասած, ԱՐԱՐԱՏ-ը չինական սպառողին պետք է ներկայանա իր հարուստ բրենդային բովանդակությամբ:

Հայկական կոնյակի առաքման հարցերը քննարկվել են նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի վերջերս Չինաստան կատարած այցի ժամանակ՝ չինացի պաշտոնակից Լի Կեցյանի հետ հանդիպմանը: «Պատրաստ ենք նաև Հայաստանից չինական շուկա տարբեր ապրանքներ ներմուծել։ Բացի Հայաստանում ներդրումներ անելուց, ցանկանում ենք չինական շուկայում տեսնել հայկական կոնյակը, ոսկերչական իրեր և թանկարժեք քարեր։ Հայաստանն ու Չինաստանը բարեկամ երկրներ են»,- չինացի վարչապետի խոսքն է մեջբերում ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Կարևորելով չինական շուկայում հայկական կոնյակի վաճառքը, Տիգրան Սարգսյանը նշել է, որ այսօր հայկական կազմակերպությունները մեծացնում են կոնյակի և գինու արտադրությունը:

Ըստ պաշտոնական տվյալների, 2013 թ. հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվող կոնյակի ծավալն աճել է 3,6 տոկոսով՝ 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատ, կազմելով 9578,6 հազար լիտր: Նշված ժամանակահատվածում գրանցվել է գինու արտադրության աճ՝ 30,1 տոկոս, հասնելով 2 962,7 հազար լիտրի:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, Չինաստանին իրական ներդրումները Հայաստանում 2013թ. հունիսի տվյալներով կազմել են 1 324,1 հազար դոլար, որից 1 309,5 հազար դոլարը ուղիղ ներդրումներն են:

Երևանի Կոնյակի գործարանը 1887 թվականին կառուցել է վաճառական Ներսես Թահիրյանը` Հին Էրիվան ամրոցի վայրում: 1899 թվականին գործարանը գնել է ռուս արդյունաբերող Նիկոլայ Շուստովը: 1900 թվականին Փարիզյան ցուցահանդեսում Շուստովի արտադրանքը ստացել է «Գրան-պրի»: Բարձր որակական հատկանիշների շնորհիվ Շուստովին թույլատրել են շշերի վրա գրել «կոնյակ», այլ ոչ թե «բրենդի»: Հայկական կոնյակը մեծ ճանաչում ունեցավ 1913 թվականին, երբ «Շուստով և որդիներ» ընկերությունը սկսեց մատակարարել իր արտադրանքը ռուսական կայսերական արքունիքին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---