Բանգլադեշում իսլամիստական կուսակցության առաջնորդին մահապատժի են դատապարտել

Բանգլադեշում իսլամիստական կուսակցության առաջնորդին մահապատժի են դատապարտել

PanARMENIAN.Net - Բանգլադեշի Գերագույն դատարանը «Ջամահաթ ի Իսլամի» կուսակցության առաջնորդներից մեկին՝ 65-ամյա Աբուլ Քադեր Մուլլային դատապարտել է մահապատժի, հայտնում է Agence France-Presse-ը:

Մուլլան, որը չորրորդն է կուսակցության ղեկավարության ցանկում, 2013 թվականի փետրվարին մեղավոր է ճանաչվել մարդկայնության դեմ հանցագործություններում՝ 1971 թ. Պակիստանի դեմ պատերազմի ժամանակ, և դատապարտված էր ցմահ ազատազրկման:

Իր մեղքը կտրականապես հերքող Մուլլայի պաշտպանությունը բողոքարկել է դատավճիռը Գերագույն դատարանում՝ պահանջելով կուսակցության առաջնորդից հանել բոլոր մեղադրանքները: Սակայն Գերագույն դատարանը, քննելով Մուլլայի գործը, միայն խստացրեց դատավճիռը՝ ցմահ բանտարկությունը փոխարինելով մահապատժով:

Փետրվարին կայացված դատավճիռը զանգվածային ցույցերի պատճառ դարձավ Բանգլադեշում: Ցույցեր էին անցկացնում ինչպես իսլամիստները, որոնք պահանջում էին ազատ արձակել իրենց առաջնորդին, այնպես էլ աշխարհիկ պետության կողմնակիցները, որոնք պահանջում էին մահապատիժ Մուլլայի համար: Այն ժամանակ կողմնակիցների ու հակառակորդների բախումների հետևանքով մոտ 100 մարդ զոհվեց:

Օգոստոսի սկզբին «Ջամահաթ ի Իսլամի» կուսակցությունը Բանգլադեշում օրենքից դուրս հայտարարվեց: Որոշումն ընդունվեց ի պատասխան աշխարհիկ կարգերի կողմնակիցների խնդրագրի, որոնք պնդում էին, որ կազմակերպության կանոնադրությունը հակասում է սահմանադրությանը: Կուսակցությանն արգելելուն նախորդեցին նրա առաջնորդներից մի քանիսի մահապատիժները, որոնք, ինչպես և Մուլլան, մեղավոր են ճանաչվել Պակիստանի հետ պատերազմի ժամանակ մարդկայնության դեմ հանցագործություններում, գրում է Lenta.ru-ն:

Photo: www.bdinn.com
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---