Օբամայից պահանջում են պատժամիջոցներ սահմանել ռուսական բանկերի դեմ

Օբամայից պահանջում են պատժամիջոցներ սահմանել ռուսական բանկերի դեմ

PanARMENIAN.Net - Կոնեկտիկուտ նահանգից ընտրված սենատոր Ռիչարդ Բլումենտալը պահանջել է Բարաք Օբամայից պատժամիջոցներ սահմանել ռուսական բանկերի դեմ: Նրա կարծիքով, դա թույլ կտա դադարեցնել Բաշար Ասադի ռեժիմի ֆինանսավորումը:

Ինչպես հայտնում է ամերիկյան Politico-ն, համապատասխան նամակը Բլումենտալի հետ ստորագրել են ևս 3 սենատորներ՝ Քելի Այոթը, Ջոն Քորնին և Ջին Շաինը: «Մենք կարող ենք ազդել ռուսական բանկերի վրա՝ սառեցնելով նրանց հաշիվներն ԱՄՆ-ում, արգելելով նրանց գործունեությունը երկրի տարածքում, ինչպես նաև էմբարգո կիրառելով բանկերի աշխատակիցների դեմ ԱՄՆ մուտքի համար: Ռուսների համար դա լուրջ հարված կլինի»,- ասված է կոչում:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունում սենատորների նախաձեռնությունը չեն մեկնաբանել, սակայն, նշել են, որ հարկավոր է տնտեսական ճնշում գործադրել Ասադի ռեժիմի վրա: «Մենք դեռ շատ անելիք ունենք: Վարչակազմը ճնշում է գործադրում տարբեր երկրների ընկերությունների վրա՝ ստիպելով չհամագործակցել սիրիական ռեժիմի հետ, և կշարունակի այդ գործունեությունը»,- ասել է նախարարության աշխատակիցը:

Սենատորների կոշտ ելույթը հնչել է ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների ֆոնի վրա:

Հանգստյան օրերին Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվածության եկան Սիրիայում քիմիական զենքի վերաբերյալ: Ռուս փորձագետներն այդ համաձայնությունն անվանում են դիվանագիտական բեկում՝ տեսնելով բանակցությունների հաջողությունն այն հանգամանքում, որ Սիրիային ամերիկյան հարվածից հնարավոր կլինի խուսափել և զգուշավոր կանխատեսումներ են անում:

Հայաստանն իր հերթին ողջունում է ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել էր ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: «Հայաստանն ողջունում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի պայմանավորվածությունները, որոնք հնարավորություն են տալիս ոչնչացնել քիմիական զենքը ու բացառել դրա օգտագործումը Սիրիայում և կարող են ճանապարհ բացել սիրիական ճգնաժամին խաղաղ ճանապարհով քաղաքական լուծում գտնելու համար` ուղղված Սիրիայի ժողովրդի և դրա անբաժանելի մասը կազմող տասնյակ հազարավոր սիրիահայերի տառապանքներին վերջ դնելուն»,- Բալայանի խոսքերը փոխանցել էր ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---