ՌԴ մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում կոչ է անում ՄԱԿ հանձնաժողովին վերադառնալ Սիրիա

ՌԴ մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում կոչ է անում ՄԱԿ հանձնաժողովին վերադառնալ Սիրիա

PanARMENIAN.Net - Սիրիայի իշխանությունները Ռուսաստանին են փոխանցել զինված ընդդիմության կողմից քիմիական զենքի կիրառման իրեղեն ապացույցները, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը: Սեպտեմբերի լույս 18-ի գիշերը ռուս դիվանագետը Դամասկոսում բանակցություններ է վարել նախագահ Բաշար Ասադի վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչների հետ, հայտնում է ВВС-ին:

Դեռ տեղեկություն չկա այն մասին, թե հատկապես ինչ ապացույցներ է Դամասկոսը փոխանցել Մոսկվային, և ինչպես հայտնում են որոշ լիբանանյան ԶԼՄ-ներ, Սիրիային բարեկամ մի շարք երկրների:

Միևնույն ժամանակ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն առաջարկել է ուսումնասիրել այն վկայությունները, որ օգոստոսի 21-ի քիմիական գրոհը Դամասկոսի Գուտա արվարձանում մի մեծ սադրանք էր, որի նպատակն էր օտարերկրյա միջամտություն ապահովել սիրիական հակամարտությանը: Չուրկինը հայտարարել է այդ մասին, ելույթ ունենալով ՄԱԿ ԳՎ 68-րդ նստաշրջանի առաջին նիստում, որը երեկ աշխատանքն է սկսել Նյու Յորքում:

Ինչպես ասել է Չուրկինը, Ռուսաստնն ակնկալում է, որ ավարտելով Գուտայի իրադարձությունների հետաքննությունը, ՄԱԿ հանձնաժողովը կվերադառնա Սիրիա ուսումնասիրելու համար քիմիական զենքի կիրառման այլ հնարավոր դեպքերը: Ըստ դիվանագետի, խոսքը գնում է օգոստոսի 22, 24 ու 25-ին սիրիացի զինվորականների թունավորման մասին, ինչպես նաև մարտի 19-ի միջադեպի մասին Հալեպում՝ այս դեպքում ռուսական ԱԳՆ-ն կասկածում է, որ ապստամբները զարին են կիրառել: ՄԱԿ տեսուչների զեկույցը հաստատում է, որ զարին է օգտագործվել, սակայն ուղղակիորեն չի նշվում, թե ով է պատասխանատու դրա համար:

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը քիմիական հարձակումը Գուտայում անվանել է ռազմական հանցագործություն: ՄԱԿ տեսուչները վերլուծել են արյան, մեզի, մազերի, ինչպես նաև հարձակման վայրում հայտնաբերված հրթիռների բեկորների նմուշները: Ըստ Պան Գի Մունի, արյան նմուշների 85 տոկոսի դեպքում զարինի պարունակության դրական արդյունք է ստացվել: ՄԱԿ տեսուչների խնդիրը չի եղել եզրակացություններ անել այն մասին, թե ով է մեղավոր: Պան Գի Մունը նաև նշել է, որ փորձագետները չեն կարողացել զոհերի քանակը նշել: ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ներկայացրել է ՄԱԿ տեսչության զեկույցը ԱԽ փակ նիստում հրապարակումից առաջ: Դա ռազմական հանցագործություն է և միջազգային իրավունքի լուրջ խախտում: Արդյունքները անվիճելի են: Փաստերն ինքնին խոսուն են»,-ասել է Պան Գի Մունը: Զեկույցում ասվում է, որ «բնական, քիմիական և բժշկական նմուշները հստակ և համոզիչ ապացույցներ են ներկայացնում», որ Դամասկոսում օգոստոսի 21-ին «ցամաք-ցամաք» տիպի հրթիռներ են օգտագործվել զարինի պարունակությամբ:

Ապստամբներն ու նրանց արևմտյան ու արաբական դաշնակիցները օգոստոսի 21-ի հարձակման մեղքը բարդում են Ասադի ռեժիմի վրա: Ասադի ռեժիմը պնդում է, որ քիմիական զենք են կիրառել նաև ապստամբները: Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 2 տարի: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 100 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:

ԱՄՆ-ն Ասադին մեղադրում է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման մեջ, որի հետևանքով ավելի քան 1400 մարդ զոհվեց: Սիրիական իշխանությունները կտրականապես հերքում են քիմիական զենքի կիրառումն ու հարձակման մեջ մեղադրում են ապստամբներին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---