Հասան Ռոուհանի. Իրանը երբեք միջուկային զենք չի արտադրի

Հասան Ռոուհանի. Իրանը երբեք միջուկային զենք չի արտադրի

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ իր երկիրը երբեք միջուկային զենք չի արտադրի: Ամերիկյան հեռուստատեսությանը հարցազրույց տալու նրա որոշումը վկայում է այն մասին, թե որքան կարևոր է իր կառավարության համար Վաշինգտոնի հետ երկխոսությունը:

Ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Ռոուհանին ասել է, որ բոլոր լիազորություններն ունի Արևմուտքի հետ Իրանի ուրանի հարստացման ծրագրի շուրջ բանակցելու համար:

Իրանի նախագահը հավելել է, որ վերջերս իրեն հասցեագրված ԱՄՆ նախագահ Օբամայի նամակը «դրական էր ու կառուցողական»:

Ավելի վաղ հայտարարվեց, որ Իրանում ազատ են արձակվել 11 քաղբանտարկյալներ, ինչը Ռոուհանիի նախընտրական խոստումներից մեկն էր, հայտնում է ВВС-ին:

Ազատ արձակվածներից 8-ը կանայք են, այդ թվում նաև փաստաբան Նասրին Սոտուդեն, որը դատարանում ներկայացնում էր Իրանի ընդդիմադիր ակտիվիստներին 2009 թվականի վիճահարույց նախագահական ընտրություններից հետո: Ազատ է արձակվել նաև ընդդիմադիր քաղաքական գործիչ Մոհսեն Ամինզադեն:

Նասրին Սոտուդեն ձերբակալվել էր 2010 թվականին և դատապարտվել 6 տարվա ազատազրկման՝ երկրի ազգային անվտանգությունը խարխլող գործողությունների համար:

Քաղբանտարկյալներն ազատ արձակվեցին Ռոուհանիի Նյու Յորք մեկնելուն ընդառաջ: Իրանի նորընտիր նախագահը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ ԳՎ նիստին:

2013 թվականի հունիսի 14-ին կայացած ընտրություններում Ռոուհանին ստացավ ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին և հաղթող ճանաչվեց արդեն առաջին փուլից հետո: 64-ամյա աստվածաբանն, որը նաև իրավաբանական կրթություն ունի, մի շարք բարձրաստիճան պաշտոններ է ստացել Իրանի կառավարությունում, մասնավորապես, բանակցել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Արևմուտքի հետ: Նախընտրական արշավի ժամանակ նա հիշատակել է Իրանի միջազգային մեկուսացման մասին որպես երկրի առանցքային խնդրի, և մտադիր էր շտկել իրավիճակը նախագահ ընտրվելու դեպքում:

Դիվանագիտական հարաբերություններն Իրանի ու ԱՄՆ միջև խզվեցին 1979 թվականին, իսլամական հեղափոխությունից հետո, երբ պատանդ վերցվեցին Թեհրանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները: ԱՄՆ դեսպանատան 52 աշխատակիցներ ազատ արձակվեցին 444 օր անց՝ 1981 թ.: Պատանդները ազատ արձակվեցին Ալժիրի կառավարության միջնորդությամբ, Ռոնալդ Ռեյգանի երդմնակալության օրը: ԱՄՆ-ում Իրանի շահերը ներկայացնում է Պակիստանի դեսպանատունը:

ԱՄՆ-ն մեղադրում է Իրանին ատոմային զենքի ստեղծման ուղղությամբ գաղտնի աշխատանք տանելու մեջ: Դեռ 2002թ. ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը դասեց Իրանը «չարիքի առանցքի» երկրների շարքին, որոնք ֆինանսավորում են ահաբեկիչներին ու ձգտում միջուկային զենք ստանալ: ԱՄՆ-ն փորձում է հասնել Իրանի միջազգային մեկուսացման: Սակայն ԱՄՆ ջանքերը հակազդեցություն են ստանում Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Ռուսաստանի կողմից, որը կապված է Իրանի հետ ռազմական տեխնիկայի մատակարարման վերաբերյալ պայմանագրերով ու Բուշերում ԱԷԿ-ի կառուցմամբ:

2003թ. Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները համոզում են Իրանին համաձայնվել և ստորագրել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի հավելյալ արձանագրությունը, որը թույլ է տալիս ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին ստուգել ցանկացած վտանգավոր օբյեկտ: Այդ փաստաթուղթն այդպես էլ չվավերացվեց Իրանի խորհրդարանի կողմից, ուստի Իրանը հաճախ ուղղակի անտեսում է ՄԱԳԱՏԷ-ի ստուգման պահանջները:

Իրանի ու «վեցնյակի» հերթական բանակցությունները կվերսկսվեն սեպտեմբերի 27-ին, հիմնական հարցը կլինի Փարչինի ռազմական օբյեկտը, ուր արդեն երկար ժամանակ է փորձում են մուտք ստանալ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները: Որտեղ կկայանա հանդիպումը, դեռ հայտնի չէ: Իրանը պնդում է, որ Փարչինի օբյեկտը կապ չունի միջուկային ծրագրի հետ, հետևաբար, չի մտնում այն օբեյկտների ցանկը, որոնք կարող է հսկել գործակալությունը:

2013 թ. հունվարի 14-ին ԱՄՆ գիտնականները հրապարակեցին մի զեկույց, որի համաձայն, 2014 թ. կեսին Իրանը բավարար քանակի հարստացված ուրան կունենա մեկ կամ ավելի միջուկային ռումբեր արտադրելու համար: Զեկույցում ասվում է, որ ԱՄՆ-ն պետք է ուժեղացնի պատժամիջոցների ռեժիմն Իրանի դեմ, քանի դեռ գործընթացն անդառնալի չէ:

Photo:nbsnews.com
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---