Մեթյու Բրայզա. Արևմուտքում ոչ ոք չի փորձում Վրաստանը շուտափույթ միացնել ՆԱՏՕ-ին

Մեթյու Բրայզա. Արևմուտքում ոչ ոք չի փորձում Վրաստանը շուտափույթ միացնել ՆԱՏՕ-ին

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է ավելի զուսպ դիրքորոշում որդեգրեն Ռուսաստանի հարցում, որը մշտապես իր մտահոգությունն է հայտնում Կովկասում ՆԱՏՕ-ի հնարավոր ընդլայնման վերաբերյալ: Ռուսաստանը պատմականորեն համարում էր, և առաջիկայում ևս համարելու է, որ կովկասյան հանրապետությունները գտնվում են նրա ազդեցության ոլորտում: Նման կարծիք է հայտնել «Ամերիկայի ձայնի» վրացական ծառայության հետ հարցազրույցում Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, իսկ այժմ ԱՄՆ Ատլանտյան խորհրդի ավագ գիտաշխատող Մեթյու Բրայզան:

«Կարծում եմ, դրա հետ ուղղակի հաշտվել է պետք: Քանի դեռ Ռուսաստանը Ռուսաստան է մնում, Կրեմլը կշարունակի Հարավային Կովկասը համարել իր ամենախոցելի տեղն արտաքին սահմանների առումով: Իսկ սահմանների ներսում դա Հյուսիսային Կովկասն է: Իրավիճակի նման ընկալման արմատները գալիս են դեռ Իվան Ահեղի, և նույնիսկ նրան նախորդող ժամանակներից: Դա անխուսափելի է: Կարևոր է, որ երկրները, որոնց հանդեպ նման «հետաքրքրություն» կա, իմաստուն լինեն իրենց քաղաքականության մեջ, և որպեսզի մենք՝ Եվրաատլանտյան ընկերակցությունը, այնպես գործենք, որպեսզի մեր գործողություններն արտահայտեն այդ երկրների ձգտումները»,-ասել է Բրայզան:

Ըստ նրա, Արևմուտքում ոչ ոք չի փորձում որքան հնարավոր է շուտ ՆԱՏՕ-ին միացնի Վրաստանը: Ըստ Բրայզայի, դա ամենևին էլ ավելի խոցելի չի դարձնի Ռուսաստանի դիրքերը, ինչպես կարծում են որոշ ռուսաստանցի քաղաքական գործիչներ: «ՆԱՏՕ-ում ոչ ոք այդպես չի մտածում: Մենք վստահ ենք, որ եթե երկիրը ցանկանում է միանալ մարդկության պատմության մեջ ամենահաջողված ռազմաքաղաքական դաշինքին, որը ժողովրդավարություն ու կայունության է տարածում ողջ Եվրոպայով, որը Եվրամիության օգնությամբ բարեկամներ դարձրեց երդվյալ թշնամիներ Ֆրանսիային ու Գերմանիային, ապա մենք պետք է օգնենք նրան»: Բրայզան գտնում է, որ Արևմուտքը չպետք է մերժի Վրաստանին ՆԱՏՕ-ին միանալու հարցում միայն այն պատճառով, որ «դա ինչ-որ մեկին դուր չի գալիս»:

«Ռուսաստանը հետագայում ևս չափազանց մտահոգ է լինելու, որ Արևմուտքն իր ազդեցությունը տարածում է նրա սահմանների մոտ: Բայց մենք պետք է նաև օգնենք Ռուսաստանին հաղթահարել իր մտավախություններն ու բացատրենք ռուսական ղեկավարությանը, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը ոչ թե սպառնալիք է Ռուսաստանի համար, այլ ռուսաստանցիների համար կայունության շրջանակն ընդլայնելու փորձ: Բայց մենք ևս չպետք է սադրանքի գնանք Մոսկվայի հետ»,-եզրափակել է փորձագետը, հայտնում է VOA News-ը:

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին 2005 թվականին իր ընտրվելուց անմիջապես հետո հռչակեց Վրաստանի զարգացման եվրոպական ուղին և որպես վերջնական նպատակ՝ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Սակայն, ըստ Դաշինքի կանոնադրության, երկիրը չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, իր տարածքում չկարգավորված հակամարտություն ունենալով: Վրաստանը երկու հակամարտություն ունի՝ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ, որոնք անջատվեցին 2003 թվականին, իսկ 2008 թ. օգոստոսյան պատերազմից հետո վերջնականապես անջատվեցին Վրաստանից: ՆԱՏՕ-ի ղեկավարությունը բազմիցս է հայտարարել, որ Դաշինքը նպատակ չունի, որ Վրաստանը կամ Հարավային Կովկասի որևէ այլ երկիր անդամակցի ՆԱՏՕ-ին: ՆԱՏՕ-ն համագործակցում է Հարավային Կովկասի հետ մի շարք ծրագրերով, մասնավորապես՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Խաղաղապահները Վրաստանից, Հայաստանից ու Ադրբեջանից մասնակցում են ՆԱՏՕ-ի առաքելություններին Կոսովոյում, Իրաքում ու Աֆղանստանում: 3,5 տարում Աֆղանստանում զոհվել է 22 վրացի խաղաղապահ և վիրավորվել է մոտ հարյուրը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---