Վլադիմիր Պուտին. Ուկրաինան ինքն է ընտրում իր առաջնայնությունները

Վլադիմիր Պուտին. Ուկրաինան ինքն է ընտրում իր առաջնայնությունները

PanARMENIAN.Net - Ուկրաինան, որպես անկախ պետություն, իրավունք ունի ընտրելու իր առաջնայնություններն ու դաշնակիցներին, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Վալդայ» բանավիճային ակումբի նիստում: «Այսօր Ուկրաինան անկախ պետություն է և մենք հարգանքով ենք վերաբերվում այդ փաստին: Եվ, անշուշտ առաջնայնությունների, դաշնակիցների ընտրությունը դա ուկրաինացի ժողովրդի և Ուկրաինայի պետության ինքնիշխան իրավունքն է»,-հայտարարել է Պուտինը՝ խոսելով Ուկրաինայի ընտրության մասին ԵՄ և Մաքսային միության միջև, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ուկրաինայի կառավարությունը չորեքշաբթի հավանություն է տվել Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագրին, որով նախատեսվում է Ազատ առևտրի գոտու ստեղծում: Կիևը մտադիր է ստորագրել այդ փաստաթուղթը նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում: Ռուսական կողմն ավելի վաղ հայտարարել էր, որ Մաքսային միությունն այդ դեպքում ստիպված կլինի պաշտպանական միջոցներ ձեռնարկել: Ռուսաստանը մտավախություն ունի, որ Ուկրաինայի հետ այդ համաձայնագրի ստորագրումից հետո ՄՄ երկրներ կարող է ապրանքների մեծ հոսք սկսվել Եվրոպայից ավելի ցածր գներով, ինչը կվնասի հայրենական արտադրողներին:

Մաքսային միությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է, որը նախատեսում է միասնական մաքսային տարածք, որի շրջանակում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր չեն կիրառվում, չկան նաև տնտեսական սահմանափակումներ, բացառությամբ հատուկ, հակադեմպինգային միջոցների: Ընդ որում մասնակից երկրները կիրառում են միասնական մաքսային սակագին և կանոնակարգման այլ միասնական միջոցներ երրորդ երկրների հետ: ԵվրԱզԷՍ պաշտոնական փաստաթղթերում օգտագործվում է Մաքսային միություն անվանումը: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիները, սարքերը, կառույցներն ու այլ օբյեկտները, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետություններն ունեն բացառիկ իրավասություն:

Սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանը միանալու մտադրության մասին հայտարարեց նաև Հայաստանը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---