Հայ գինեգործները մտահոգված են. Վրացական ևս 31 գինու գործարանի թույլատրվել է արտահանել ապրանքը Ռուսաստան

Հայ գինեգործները մտահոգված են. Վրացական ևս 31 գինու գործարանի թույլատրվել է արտահանել ապրանքը Ռուսաստան

PanARMENIAN.Net - Ռուսաստանը թույլատրել է վրացական ևս 31 գինու գործարանի իր ապրանքն արտահանել Ռուսաստան երրորդ տեսչական այցից հետո, ասվում է «Ռոսպոտրեբնադզոր» ծառայության կայքում:

Սեպտեմբերի 16-20-ը «Ռոսպոտրեբնադզոր»-ի փորձագետները ծանոթացել են ալկոհոլ և հանքային ջուր արտադրող վրացական 41 գործարանի (գինու 36 արտադրող, հանքային ջրի 6 արտադրող, գարեջրի 1 արտադրող) աշխատանքին: «Որոշվել է ալկոհոլային խմիչք արտադրող 31 գործարանի և հանքային ջրի արտադրությամբ զբաղվող 3 գործարանի փաստաթղթեր տրամադրել շշալցված ալկոհոլային արտադրանքի և հանքային ջրի պետական գրանցման համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Այդպիսով, այժմ գրանցում և սեփական արտադրանքը Ռուսաստան պաշտոնապես առաքելու թույլտվություն է ստացել վրացական 95 գինու գործարան, հանքային ջրի 7 գործարան և գարեջրի 1 գործարան: Փորձագետները նման թույլտվություն չեն տվել 11 գինու գործարանի և հանքային ջրի 3 արտադրողի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոսպոտրեբնադզոր»-ի պատվիրակության անդամները գոհ են մնացել վրացական ալկոհոլային խմիչքների ու հանքային ջրերի որակից: Այդ մասին հայտարարել է «Ռոսպոտրեբնադզոր»-ին կից գործարար հանրությունից ալկոհոլային արտադրանքի որակի և անվտանգության հսկողության հանձնաժողովի փոխնախագահ Վալերի Կատուկովը անցած ուրբաթ:

Այս տարվա գարնանը 7-ամյա ընդմիջումից հետո վերսկսվեց վրացական «Բորժոմի» հանքային ջրի արտահանումը Ռուսաստան, իսկ հունիսին՝ գինու և կոնյակի: Վրացական գինիների, հանքային ջրի և գյուղմթերքի մուտքը ռուսական շուկա արգելվել էր 2006 թվականի գարնանը, երբ սրվեցին ռուս-վրացական հարաբերությունները: Արգելանքի պաշտոնական պատճառը որակի վերաբերյալ պահանջն էր:

Վրացական գինու վերադարձը ռուսական շուկա արդեն իսկ մտահոգել է հայ գինեգործներին: Ռուսական ընկերությունները, որոնք զբաղվում էին հայկական գինու արտահանմամբ Ռուսաստան, արդեն վրացական գինի են պատվիրել: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը, ՌԴ հայկական գինու արտահանման իրական ծավալները հայտնի կդառնան մեկ ամսից:

Ավագ Հարությունյանը նշել է, որ հայկական և վրացական գինու որակը բարելավվում է, և հայկական գինին միանգամայն մրցունակ է: Փորձագետը չի ակնկալում Ռուսաստան հայկական գինու ծավալների արտահանման կրճատում, բայց ծավալների աճ էլ չի կանխատեսում:

Միաժամանակ վրացական գինու մուտքը ռուսական շուկա ստիպել է ՀՀ կառավարությանը վերանայել իր պլանները: Կառավարությունը մտադիր էր 3 տարում ավելացնել հայկական գինու բաժինը ռուսական շուկայում 5 անգամ:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների, 2013 թ. հունվար-հունիսին հանրապետությունում արտադրվել է 2,4 մլն լիտր գինի 2012-ի 2 մլն լիտրի դիմաց (աճը 20 տոկոս), որից արտահանվում է քառորդից մի փոքր ավելին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---