ԱՄՆ-ն նվազեցրել է Եգիպտոսին հատկացվող օգնության քանակը

ԱՄՆ-ն նվազեցրել է Եգիպտոսին հատկացվող օգնության քանակը

PanARMENIAN.Net - Եգիպտոսը, ինչպես նախկինում ԱՄՆ-ից տանկեր, ինքնաթիռներ ու դրամական օժանդակություն ստանալու համար պետք է ապացուցի հավատարմությունը ժողովրդավարական սկզբունքներին ու մարդու իրավունքներին: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղարության մամլո ծառայությունը՝ հայտարարելով, որ դադարեցնում է ծանր սպառազինության ու դրամական ռազմական օգնության հատկացումը Կահիրեին:

Ըստ Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնիի, նախագահ Օբաման շատ հստակ է արտահայտվել այդ թեմայով: «Մենք չենք կարող շարունակել առևտրային հարաբերությունները: Ինչպես գիտեք, մենք արդեն հայտարարել ենք որոշակի ռազմական համակարգերի առաքումը դադարեցնելու մասին»,-ասել է նա:

Վաշինգտոնը հորդորում է Եգիպտոսի այժմյան անցումային իշխանություններին «առաջընթացի հասնել դեպի ժողովրդավարական սկզբունքներով ընտրված կառավարություն ազատ և արդար ընտրությունների միջոցով»: Վերջին իրադարձությունները, երբ իշխանությունները բավականին կոշտ ձևով ճնշեցին իսլամիստների ելույթները, մտավախություն են առաջացրել ԱՄՆ-ում:

Վաշինգտոնը տարեկան շուրջ 1,5 մլրդ դոլար է փոխանցում Կահիրեին, որից 1,3 մլրդ՝ ռազմական կարիքների համար: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Եգիպտոսին սահմանային վերահսկողության ոլորտում՝ ահաբեկչության դեմ պայքարում ու Սինայի թերակղզում անվտանգության ապահովման առումով, գրում է euronews-ը:

Մոհամմեդ Մուրսին Եգիպտոսի նախագահ է ընտրվել 2012 թվականին, երբ պաշտոնանկ արվեց Հոսնի Մուբարաքը: Մեկ տարում նա հասցրեց ամբողջությամբ փլուզել տնտեսությունը, և փորձեց շարիաթի օրենքներ հաստատել երկրում: 2013թ. հունիս-հուլիսին երկրի բնակչությունը, որը դժգոհ էր իսլամիստների կառավարումից, մոտ 15 մլն ստորագրություն հավաքեց Մուրսիի պաշտոնանկության օգտին: Հուլիսի 3-ին եգիպտական բանակը տեղեկացրեց Մոհամմեդ Մուրսիին, որ նա այլևս Եգիպտոսի նախագահ չէ: Զինվորականները գնացին դրան Մուրսիին կամավոր հրաժարականի դրդելու անհաջող փորձերից հետո: Օգոստոսի վերջում Եգիպտոսում ձերբակալվեցին «Մահմեդական եղբայրների» առաջնորդներ Մոհամմեդ Բադիան ու Մոհամմեդ Բելտագին:

«Մահմեդական եղբայրները» միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որ հիմնվել է 1928թ. ուսուցիչ Հասան ալ Բաննայի կողմից Եգիպտոսի Իսմաիլիի քաղաքում: 1933թ. ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվեց Կահիրե: 1949թ. Հասան ալ Բաննայի մահից հետո, 1950թ. շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ ալ Կուտբը, որը մահապատժի ենթարկվեց 1966 թվականին: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն արդեն 500 հազար անդամ ուներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---