Առաջիկայում պատերազմների հիմնական պատճառը կլինի ոչ թե նավթը, այլ ջուրը

Առաջիկայում պատերազմների հիմնական պատճառը կլինի ոչ թե նավթը, այլ ջուրը

PanARMENIAN.Net - Թանկարժեք ռեսուրսի՝ ջրի, համար աճող մրցակցության ֆոնի վրա, այն առանցքային գործոնի է վերածվում պատերազմի և խաղաղության հարցերում, գտնում է աշխարհաքաղաքական ռազմավարության մասնագետ և «Ջուրը, խաղաղությունն ու պատերազմը» գրքի հեղինակ Բրամա Չելանին The Washington Times-ում հրապարակված հոդվածում:

«Աշխարհում, որտեղ գնալով զգալի է դառնում ջրի պակասը, համատեղ օգտագործվող ջրային ռեսուրսները դառնում են իշխանության գործիք, մրցակցություն առաջացնելով երկրների ներսում ու նրանց միջև»,-գրում է հոդվածի հեղինակը: Երեքշաբթի օրը Բուդապեշտում մեկնարկած Միջազգային ջրային գագաթաժողովն այդ սուր խնդիրները մեղմելուն ուղղված ուղիների որոնման վերջին նախաձեռնությունն էր:

«Մտածեք որոշ սթափեցնող փաստերի մասին՝ շշալցված ջուրը պարենային խանութում արդեն ավելի թանկ է, քան հում նավթը շուկայում»,-ասել է Չելանին:

Ջրային պատերազմները քաղաքական և տնտեսական իմաստով արդեն ընթանում են մրցակցող պետությունների միջև որոշ տարածաշրջաններում, այդ թվում մի քանի երկրների տարածքով անցնող գետերի վրա ջրամբարների կառուցման միջոցով, կամ, եթե երկիրը գտնվում է գետի հոսանքի ստորին մասում, ուժային դիվանագիտության միջոցով՝ թույլ չտալու համար նման շինարարություն:

«Ըստ զեկույցի, որտեղ արտացոլվել են ԱՄՆ տարբեր հետախուզական ծառայությունների կարծիքները, ջրի օգտագործումը որպես զենք պատերազմում կամ ահաբեկչական գործողության ժամանակ կարող է առավել հավանական դառնալ մի շարք տարածաշրջաններում արդեն առաջիկա տասնամյակում»,-նշում է հոդվածի հեղինակը:

Բրամա Չելանին նշում է, որ մի շարք պետությունների տնտեսությունը՝ Հարավային Կորեայից ու Հնդկաստանից մինչև Եգիպտոս ու Մարոկկո, արդեն ջրի պակաս է զգում:

«Ջրի բնական վերարտադրությունը սահմանափակում է թարմ ջրի համաշխարհային ռեսուրսներով մինչև 43 տրլն խմ տարեկան: Սակայն Երկրի բնակչությունը գրեթե կրկնապատկվել է 1970 թվականից ի վեր, այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսությունն ավելի արագ է աճում»,-ասվում է հոդվածում:

«Սպառման աճը ամենամեծ գործոնն է, որի պատճառով ջրի պակաս է առաջացրել: Օրինակ, եկամուտների աճը նպաստեց սնդդակարգի փոփոխությանը, հատկապես, մսի սպառման ավելացմանը, որի արտադրությունն ինչպես հայտնի է մեծ քանակությամբ ջուր է պահանջում»,-նշում է հեղինակը:

«Ջրային պատերազմների կանխումը պահանջում է որոշակի կանոնների վրա հիմնված համագործակցություն, ջրի բաշխում և հակամարտությունների կարգավորման մեխանիզմներ: Ցավոք, մինչ օրս գոյություն չունի ջրի մասին միջազգային օրենք»,-ասել է փորձագետը:

«Այդ առանցքային խնդրի դեմ պայքարն, անկասկած, պահանջում է հանգուցալուծել այլ բարդ իրավիճակներ, կապված ջրի պակասի պատճառով էներգիայի, սնդդամթերքի մատակարարման ու գերբնակեցման խնդիրների հետ»,-գտնում է հոդվածի հեղինակը, գրում է Inopressa.ru-ն:

Երկիր մոլորակը ջրի հսկայական պաշարներ ունի՝ մոտ 1,5 մլրդ խմ: Սակայն այդ պաշարի 98 տոկոսը Համաշխարհային օվկիանոսի աղի ջուրն է և միայն 28 մլն խմ ջուրն է քաղցրահամ: Համաշխարհային տնտեսությունն իր կարիքների համար օգտագործում է մոտ 4-4,5 հազար խմ, ինչը կազմում է ջրի ընդհանուր պաշարի միայն 10 տոկոսը, հետևաբար, ռացիոնալ օգտագործման դեպքում այդ ռեսուրսները կարելի է գնահատել որպես անսպառ: Սակայն այդ սկզբունքին չհետևելու դեպքում իրավիճակը կարող է կտրուկ սրվել և նույնիսկ մոլորակի մասշտաբով մաքուր քաղցրահամ ջրի պակաս կզգացվի:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---