ՓՄՁ-ների միայն 31 տոկոսն է վերջին տարիներին օգտվել մասնագիտական խորհրդատվական ծառայություններից

ՓՄՁ-ների միայն 31 տոկոսն է վերջին տարիներին օգտվել մասնագիտական խորհրդատվական ծառայություններից

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանում գործում է փոքր ու միջին շուրջ 80 000 ձեռնարկություն, որոնց բաժինը ՀՆԱ-ում կազմում է մոտ 40 տոկոս: Այդ հատվածի զարգացման համար 2013 թվականին Հայաստանի կառավարությունը պետբյուջեից հատկացրել է շուրջ 150 մլն դրամ:

«Ամերիա» խորհրդատվական ընկերության հերթական հետազոտությունը նվիրված է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրությանը: Հետազոտությունը ներկայացնում է Հայաստանի մակրոտնտեսական նկարագիրը, ՓՄՁ ոլորտի նկարագիրը Հայաստանում, հարաբերությունները բանկային համակարգի հետ, խորհրդատվական և այլ մասնագիտական ծառայությունների նկատմամբ կարիքները, ՓՄՁ ոլորտի կարգավորումը Հայաստանում: Այն միաժամանակ տալիս է համեմատականներ այլ երկրների հետ:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել փոքր ձեռնարկությունների դրական տրամադրվածությունը, ինչը կարող է շարժիչ ուժ հանդիսանալ ոլորտի զարգացման համար, չնայած, որ միկրոբիզնեսի ներկայացուցիչները զարգացման մեծ հեռանկարներ չեն տեսնում: Այդ մասին ասել է հետազոտության շնորհանդեսի ժամանակ «Ամերիա» խորհրդատվական ընկերության ավագ վերլուծաբան Արտաշես Շաբոյանը: Ըստ նրա, ՓՄՁ-ների ներկայացուցիչների ակնկալիքներն առաջիկա 1-3 տարվա համար թեև մեծ չեն, սակայն դրական են:

ՓՄՁ-ների վարկավորման 70 տոկոսը կատարվում է դրամով, որտեղ միջին վարկը կազմում է 8,5 մլն դրամ՝ միջինը 18,5 տարեկան տոկոսադրույքով: Մնացած 30 տոկոսը դոլարային վարկերն են, որոնք միջինը կազմում են 130 հազար դոլար՝ տարեկան 14,5 տոկոս տոկոսադրույքով:

Միաժամանակ թեև հայկական ՓՄՁ-ները հասկանում են խորհրդատվական ծառայությունների անհրաժեշտությունը, սակայն ազատ դրամական միջոցների բացակայության պատճառով չեն օգտվում դրանցից: Ըստ հետազոտության, ՓՄՁ-ների միայն 31 տոկոսն է վերջին երկու տարում օգտվել մասնագիտական ծառայություններից:

Տեղի ՓՄՁ-ները նաև դժվարությամբ են նորամուծություններ կատարում՝ նորարարությունների ներմուծման մասին հայտարարել է միայն ձեռնարկությունների 6 տոկոսը, իսկ արտադրական նորարարությունների մասին՝ միայն 14 տոկոսը: Ամերիան հետազոտության համար դիտարկել է ընդհանուր քանակով 1003 ՓՄՁ, որից 655 ՓՄՁ-ն Երևան քաղաքից, 144-ը Գյումրիից, 152-ը Վանաձորից, 52-ը Դիլիջանից: Հետազոտությամբ պարզվել է, որ դիտարկված ՓՄՁ-ների 74.7%-ը գերփոքր է, 20.2 %-ը` փոքր, 5.1%-ը`միջին չափի (խմբավորումը կատարված է համաձայն Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին ՀՀ օրենքի):

Հետազոտության արդյունքները վկայում են, որ դիտարկվող քաղաքներում ՓՄՁ-ների 47.6%-ը զբաղվում է առևտրով, 34.4%-ը` ծառայություններով, 15.5%-ը`արդյունաբերությամբ, 2.2 %-ը` շինարարությամբ: Առևտուրը գերակշռում է գերփոքր ՓՄՁ-ների մոտ` 55.2%:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---