ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը Ղարաբաղի, Հայաստանի և ՌԴ հարաբերությունների ու Դաշինքի բաց դռների մասին

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը Ղարաբաղի, Հայաստանի և ՌԴ հարաբերությունների ու Դաշինքի բաց դռների մասին

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն հուսով է, որ ղարաբաղյան հակամարտությունը շուտով կկարգավորվի: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը:

Անդրադառնալով ադրբեջանական կողմի Հայաստանի ու Արցախի հասցեին հնչող մշտական սպառնալիքներին՝ Ափաթուրայն ասել է, որ ինչպես հայտնի է, ՆԱՏՕ-ն Ղարաբաղի հարցում որևէ դերակատարություն չունի, բայց սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին: «Մենք գործակցում ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ: Բոլոր հանդիպումներին շեշտում ենք ղարաբաղյան խնդրի բացարձակապես խաղաղ կարգավորման հարցը: Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, միակը՝ փոխզիջումային, քաղաքական լուծումն է: Տարածաշրջանի բոլոր երկրները տնտեսական, քաղաքական մեծ օգուտներ կստանան այս հակամարտության կարգավորումից հետո»,- հավելել է Ափաթուրայը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ, ինչպես հայտնի է, մոտ ապագայում Մինսկի գործընթացի շրջանակում նախատեսվում է կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը: «Հուսով ենք, որ ղարաբաղյան հակամարտությունն առաջիկայում կկարգավորվի»,- ասել է նա, գրում է Armenia Today-ը:

Ինչպես նշում է Panorama-ն, խոսելով Հայաստանի և ՆԱՏՕ-ի գործակցության մասին, Ափաթուրայը նշել է, որ Հայաստանը միջազգային անվտանգության ապահովման ակտիվ մասնակիցներից է, այդ թվում նաև խաղաղապահ առաքելությունների կազմում:

«ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանին պաշտպանական նոր համակարգի ստեղծման գործում, ՀՀ-ի ռազմական կրթության արդիականացմանը, որպեսզի այն համապատասխանի ամենաբարձր չափանիշներին»,- ասել է Ափաթուրայը: Նա նշել է, որ իրենք գործակցում են ՀՀ-ի հետ կոռուպցիայի դեմ պայքարի գործում, և որ ՆԱՏՕ-ի և Հայաստանի գործակցությունը հետագայում նույնպես շարունակվելու է:

Ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի, իրենց համար շատ հստակ է, որ ՀՀ-ն ՌԴ-ի հետռազմավարական գործընկերության մեջ է և դա մեր երկրի ինքնիշխան որոշումն է, սակայն Հայաստանը միշտ էլ բալանսավորված քաղաքականություն է վարել և ընդլայնել գործակցությունը նաև ՆԱՏՕ-ի հետ:

«Այստեղ «կամ-կամ» խնդիր չկա, կա «և-և» սկզբունք»,- ասել է նա:

Նա հավելել է նաև, որ ՆԱՏՕ-ն երբեք նպատակ չի ունեցել ընդլայնվել դեպի հետխորհրդային տարածք, սակայն դաշինքի դռները միշտ բաց են եղել ժողովրդավարական երկրների համար՝ սա քաղաքական սկզբունք է, որին իրենք հավատարիմ են:

Ինչպես հայտնում է News Armenia-ն, Ափաթուրայն ասել է, որ ՆԱՏՕ-ի դռները միշտ բաց են բոլոր եվրոպական ժողովրդավարական պետությունների համար: «Դա քաղաքական նախագիծ չէ՝ սկզբունք է, որին միշտ հավատարիմ ենք»,- ասել է նա՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ն հարգում է իր բոլոր գործընկերների ինքնիշխան ընտրությունը, որոնք մտադիր չեն անդամակցել ՆԱՏՕ-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---