ՔԶԱԿ-ը չի կարող այցելել քիմզենքի 2 պահեստարաններ անվտանգության նկատառումներով

ՔԶԱԿ-ը չի կարող այցելել քիմզենքի 2 պահեստարաններ անվտանգության նկատառումներով

PanARMENIAN.Net - Սիրիայում քիմիական զենքի արսենալների ոչնչացմանը հետևող ՄԱԿ տեսուչների խումբը չի կարող այցելել 23 պահեստարաններից 2-ը: Ըստ փորձագետների, անվտանգության անբավարար մակարդակն այդ օբյեկտներում շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ ստիպում է նրանց հրաժարվել տեսչական այցից:

Միևնույն ժամանակ, ինչպես նշում է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ), հոկտեմբերի 27-ին ներկայացրել է առկա պաշարների մասին հռչակագիրն ու ոչնչացման ընդհանուր պլանը:

Մինչև նոյեմբերի 1-ը նախատեսվում է ավարտել արտադրական սարքավորումների ոչնչացումը սիրիական օբյեկտներում, իսկ քիմզենքի պաշարների ամբողջական ոչնչացումը տեղի կունենա մինչև գալիք տարվա կեսը: Ճիշտ է, դիտորդները կասկածներ ունեն, որ կհաջողվի պահպանել այդ ժամկետը հակամարտության պատճառով:

Ընդհանուր առմամբ, ինչպես Դամասկոսը նշել է զեկույցում, սիրիական իշխանությունների տնօրինության տակ կա 1000 տոննա քիմիական զենք, թունավոր և քիմիական նյութերի պարունակությամբ 290 տոննա զինամթերք և 1 230 տարբեր տեսակի սպառազինություն քիմիական բաղադրիչներով, հայտնում է euronews-ը:

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ) Սիրիայում է գտնվում 2013 թվականի հոկտեմբերի 1-ից ի վեր: Դա տեղի է ունենում քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիային միանալու շրջանակներում:

Սեպտեմբերին Մոսկվան առաջարկեց Դամասկոսին քիմիական զենքի հանդեպ միջազգային հսկողություն սահմանել, ինչին Սիրիան արդեն համաձայնվել է: Սեպտեմբերի 10-ին Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նառիշկինի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ քիմիական զենքը միջազգային հսկողությանը հանձնելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը հավանության է արժանացել պաշտոնական Դամասկոսի կողմից: Մինչ այդ Սիրիական ընդդիմության ազգային կոալիցիան ռուսական առաջարկն անընդունելի քաղաքական քայլ էր համարել: Ավելի ուշ մեկ այլ ընդդիմադիր կազմակերպության՝ Սիրիայի Ազգային համակարգող կենտրոնի ղեկավար Հեյսամ Մանաան հայտարարել էր, որ ընդդիմությունն առաջարկել է Ռուսաստանի հսկողությանը հանձնել Սիրիայի քիմիական զենքը մինչ անցումային կառավարության ձևավորումը: Մինչդեռ սիրիական ընդդիմության զինված թևը՝ Սիրիայի ազատ բանակը (ՍԱԲ), մերժել էր քիմիական զենքը միջազգային հսկողությանը հանձնելու վերաբերյալ ռուսական նախաձեռնությունը, հայտարարել էր ՍԱԲ զինված կազմավորումների հրամանատար Սելիմ Իդրիսը:

ՄԱԿ ԱԽ-ն սեպտեմբերի 27-ին միաձայն հավանություն տվեց Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ բանաձևին: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 150 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---