Հայաստանը 37-րդն է Doing Business-2014 վարկանիշում կառավարության որոշումների թերի կատարման պատճառով (թարմացված)

Հայաստանը 37-րդն է Doing Business-2014 վարկանիշում կառավարության որոշումների թերի կատարման պատճառով (թարմացված)

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Doing Business-2014 ամենամյա վարկանիշում Հայաստանը բարելավել է ցուցանիշը` զբաղեցնելով 37–րդ տեղը նախորդ տարվա 40-րդ տեղի փոխարեն։ Հայաստանը գտնվում է Բելգիայի (36–րդ տեղ) և Ֆրանսիայի (38) միջև` առաջ անցնելով Կիպրոսից, Լեհաստանից, Իսպանիայից, Լյուքսեմբուրգից և Իտալիայից։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Կարինե Մինասյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ բացատրեց դա նրանով, որ կառավարության որոշումները թերի են կատարվել, իսկ վարկանիշում ընդգրկվել են նոր երկրներ:

Նրա խոսքով, 37-րդ տեղը պայմանավորված է նաև հանգամանքով, որ նվազել են «շինարարության թույլտվություն ստանալու»՝ 76 հորիզոնական, «հարկահանության»՝ 103, «էլեկտրամատակարարման համակարգին միանալու»՝ 109 տեղ և «միջազգային առևտրի» ցուցանիշները՝ 117 հորիզոնական։ Նախարարի տեղակալն ընդգծեց, որ վարկանիշը կազմողները նշել են, որ Հայաստանը առաջընթաց է ցուցադրել է ձեռնարկությունների գրանցման (6–րդ տեղ) և սեփականության գրանցման (5–րդ տեղ) մասով, ինչպես նաև ներդրողների (22–րդ տեղ) պաշտպանության, վարկավորման գծով, անհրաժեշտ հարկային հաշվետվությունների թվի կրճատման գործընթացում։

Այնուամենայնիվ Համաշխարհային բանկի վարկանիշում բիզնես զարգացնելու պայմաններով Հայաստանն առաջատար է ԱՊՀ երկրների շարքում։ Մասնավորապես, Համագործակցության երկրների շարքում Ղազախստանը զբաղեցնում է 50–րդ տեղը, Բելառուսը` 63, Ղրղըզստանը` 68, Ադրբեջանը` 70, Մոլդովան` 78, Ռուսաստանը` 92, Ուկրաինան` 112, Տաջիկստանը` 143, Ուզբեկստանը` 146: Հետխորհրդային տարածքի երկրների շարքում լավագույն ցուցանիշները Վրաստանինն են (8–րդ տեղ), Լիտվայինը` (17–րդ տեղ), Էստոնիայինը (22), Լատվիայինը (24)։

Doing Business զեկույցի համաձայն որոշ երկրներ ավելի խորը բարեփոխումներ են իրականացրել: Նախորդ տարի Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի 19 երկրներ անց են կացրել շուրջ 65 բարեփոխում:

Doing Business 2014-ը՝ «Գործարարությամբ զբաղվել 2014. Պատկերացում փոքր ու միջին ձեռնարկությունների կանոնակարգիչ դաշտի մասին» զեկույցը ցույց է տալիս, որ իրավական ինստիտուտների ամրապնդմանն ու կանոնակարգիչ գործընթացների բարդության ու ծախսերի կրճատմանն ուղղված ջանքերն իրենց արդյունքն են տվել Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի գործարարների համար: Այժմ այս տարածաշրջանը գործարարության համար առավել նպաստավոր պայմանների ապահովման առումով երկրորդն է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) բարձր եկամուտներ ունեցող տնտեսություններից հետո: Նախկինում երկրորդ տեղը զբաղեցնում էին Արևելյան Ասիայի ու Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսությունները:

Զեկույցը մատնանշում է, որ Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայում տնտեսությունների 92 տոկոսը բարելավել է բիզնես սկսելու գործընթացները, մի ցուցանիշ, որ ամենաբարձրն է բոլոր տարածաշրջանների շարքում: Այս ջանքերի շնորհիվ ներկայումս այն դարձել է բիզնեսի մուտքի համար ամենադյուրին տարածաշրջանը՝ առաջ անցնելով ՏՀԶԿ-ի բարձր եկամուտներ ունեցող տնտեսություններից: Ֆինանսական ճգնաժամին ի պատասխան՝ տարածաշրջանի տնտեսությունների 73 տոկոսը բարելավեց սնանկության ընթացակարգերը, իսկ 85 տոկոսը դյուրացրեց հարկերի վճարումը:

Հայաստանում դյուրինացվել է բիզնես սկսելու գործընթացը, մասնավորապես վերացվել են ընկերության գրանցման համար պահանջվող վճարումները: Բացի այդ, հեշտացել է հարկերի վճարումը, քանի որ սոցիալական ապահովագրության համար գործատուի և աշխատողի կողմից վճարվող հատկացումները և եկամտահարկը միավորվել են մեկ ընդհանուր եկամտային հարկի մեջ:

«2004թ. Եվրամիությանը (ԵՄ) միանալու հանգամանքը տարածաշրջանի երկրների համար լուրջ խթան էր, - ասել է Համաշխարհային բանկի խմբի Համընդհանուր ցուցիչների ու վերլուծության գրասենյակի տնօրեն Աուգուստո Լոպես-Կլարոսը, - Մեր զեկույցը ցույց է տալիս, որ ԵՄ անդամակցելուց հետո էլ այդ տնտեսություններում շարունակվել են տնտեսական ու ինստիտուցիոնալ համընդգրկուն ու հավակնոտ բարեփոխումները, որպեսզի ապահովվի մրցակցությունն առավել զարգացած բարձր եկամուտների տեր գործընկերների հետ: Բացի այդ, զեկույցն ուրախալի զարգացումներ է արձանագրում Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում: 2009թ.-ից բիզնեսի կանոնակարգիչ դաշտի բացթողումների ամենաշատ շտկումներ կատարած 20 տնտեսություններից 9-ը հենց այս տարածաշրջանում են, մասնավորապես՝ Հայաստանը, Վրաստանը, Կոսովոն, Ուկրաինան, Բելառուսը, Ռուսաստանի Դաշնությունը, Մակեդոնիան, Մոլդովան և Լեհաստանը»:

Ռուսաստանի Դաշնությունն անցյալ տարվա բարելավումներով, մասնավորապես՝ Doing Business-ի կողմից 5 ոլորտներում արձանագրված բարեփոխումներով, տեղ է գտել լավագույն տասնյակում: Բիզնեսի վարման դյուրինության վարկանշային սանդղակը առաջնորդում է Սինգապուրը, որի կողքին լավագույն տասնյակում տեղ են գրավել բիզնեսի hամար առավել դյուրին կանոնակարգիչ դաշտ ունեցող հետևյալ տնտեսությունները. Հոնկոնգ (հատուկ վարչական շրջան), Չինաստան, Նոր Զելանդիա, ԱՄՆ, Դանիա, Մալազիա, Կորեայի Հանրապետություն, Վրաստան, Նորվեգիա և Մեծ Բրիտանիա:

Բացի համընդհանուր վարկանշային սանդղակից Doing Business զեկույցով ամեն տարի պատրաստվում է նաև նախորդ տարվա համեմատ առավել շատ ցուցիչների մասով բարելավումներ արձանագրած երկրների վարկանշային սանդղակը: Այս տարի լավագույն տասնյակում տեղ են գտել (ըստ հերթականության) Ուկրաինան, Ռուանդան, Ռուսաստանի Դաշնությունը, Ֆիլիպինները, Կոսովոն, Ջիբութին, Կոտ Դիվուարը, Բուրունդին, Մակեդոնիան (նախկին Հարավսլավիայի հանրապետություն) և Գվատեմալան: Մարտահրավերները սակայն դեռ պահպանվում են. ամենամեծ դրական տեղաշարժ արձանագրած տասը տնտեսություններից հինգը, մասնավորապես՝ Բուրունդին, Կոտ Դիվուարը, Ջիբութին, Ֆիլիպինները և Ուկրաինան դեռևս բիզնես վարելու դյուրինության ցուցիչով գտնվում են համընդհանուր վարկանշային սանդղակի ստորին կեսում:

Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի առաջատար Doing Business զեկույցը վերլուծում է այն կանոնակարգիչ դաշտը, որ կիրառվում է բիզնեսի շրջափուլում, մասնավորապես՝ մեկնարկ և գործունեության ծավալում, հարկերի վճարում, արտաքին առևտուր և սնանկության լուծում: Բիզնես վարելու դյուրինությունը գնահատվում է տասը ցուցիչների միջոցով, իսկ վերլուծությունն ընդգրկում է 189 տնտեսություն: Doing Business զեկուցը չի գնահատում ընկերությունների ու ներդրողների համար կարևորություն ներկայացնող գործարար միջավայրի բոլոր կողմերը: Օրինակ՝ զեկույցը չի գնահատում բյուջետային կառավարումը, մակրոտնտեսական կայունության հարցերը, աշխատուժի հմտությունների մակարդակը կամ ֆինանսական համակարգերի ամրությունը: Զեկույցի բացահայտումները քաղաքականութան շուրջ բանավեճերի թեմա են դառնում ամբողջ աշխարհում և հնարավորություն են տալիս ավելի ու ավելի շատ ուսումնասիրություններ կատարել տնտեսական արդյունքի վրա բիզնեսի կարգավորման ազդեցության մասին տարբեր երկրներում: Այս տարի հրապարակվում է Doing Business զեկուցի 11-րդ զեկույցը, որում դիտարկվել են 189 տնտեսություններ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---