Օսմանյան կայսրության քրիստոնյաների արյամբ ստեղծված Թուրքիան նշում է 90-ամյակը

Օսմանյան կայսրության քրիստոնյաների արյամբ ստեղծված Թուրքիան նշում է 90-ամյակը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին Թուրքիայում նշում են Հանրապետության օրը: 90 տարի առաջ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, կոտորելով Իզմիրի հունական բնակչությունն ու տապալելով վերջին 36-րդ Վահիդեդդին սուլթանին, հայտարարեց Թուրքական հանրապետության ստեղծման մասին: «Քեմալն իր հաղթանակը նշեց հրի մատնելով Իզմիրն ու ոչնչացնելով ամբողջ քրիստոնեական բնակավայրեր»,-ասել է այդ առիթով Ուինսթոն Չերչիլը: Օսմանյան կայսրության քրիստոնյաների արյան վրա ստեղծված Թուրքիան հեռու չի գնացել իր հիմնադիր հորից:

Հենց Աթաթուրքը սկսեց ազգայնամոլական քաղաքականություն վարել, որի կարգախոսը դարձավ «երջանիկ է նա, ով թուրք է» արտահայտությունը: Ճիշտ է ընթացիկ տարվա հոկտեմբերից դպրոցականներն արդեն պարտադրված չեն ամեն առավոտ սկսել այդ կարգախոսով: Աթաթուրքը քիչ բան չարեց Թուրքիայի համար՝ չեղյալ հայտարարեց խալիֆայությունը, ազգանուններ տվեց թուրքերին, հավասարեցրեց կանանց իրավունքները, վերացրեց չադրայի պարտադիր կրումը: Սակայն այդ ամենի հետ մեկտեղ Թուրքիան շարունակեց և շարունակում է մնալ խիստ ավտորիտար երկիր, ուղղակի Աթաթուրքի փոխարեն Էրդողանն է, իսկ բոլոր խոսակցությունները ժողովրդավարության ու ԵՄ-ին անդամակցելու մասին զուտ խոսակցություններ են: Տոնակատորությունն անցնում է ինչպես ընդունված է՝ ղեկավարությունը ծաղկեպսակ է դրել Աթաթուրքի դամբարանին, Աբդուլլահ Գյուլը պատվավոր այցելուների գրքում գրել է. «Շուրջ մեկ դարում գրանցած հաջողությունների շնորհիվ այսօր Թուրքան վերածվել է մի երկրի, որտեղ առաջընթաց է արձանագրվում բոլոր ոլորտներում և որը տարածաշրջանային ձգողականության գլոբալ կենտրոն է: Մենք հպարտանում ենք մեր Հանրապետության ականավոր հաջողություններով, պահպանում ենք պատգամներն ու հավատով և վճռականությամբ աշխատում ենք մեր նոր նախաձեռնությունների շնորհիվ ավելի մեծ նվաճումների հասնել»:

Սակայն Թուրքիայում չեն հիշում, որ 90 տարի առաջ ստորագրվեց Լոզանի պայմանագիրը, որով միայն Թուրքիայի անկախությունը չէ, որ ճանաչվում էր: Պայմանագրի հոդվածներում ասվում էր, որ թուրքերը պետք է վերացնեն ռազմական ներկայությունը սևծովյան նեղուցներում: Թուրքական Մոսուլ գավառը, որտեղ կան նավթի հարուստ հանքեր, ըստ պայմանագրի անցավ Իրաքին: Եթե ճշգրիտ լինենք, Մոսուլր թուրքական չէր, այն ուղղակի մտնում էր Օսմանյան կայսրության մեջ:

Հունաստանը պարտավորվում էր հատուցել «Անատոլիային հասցված հելլենական բանակի կամ հելլենական վարչակազմի գործողությունների արդյունքում հասցված վնասը»: Մյուս կողմից, Թուրքիան, նկատի ունենալով Հունաստանի վիճակը, հրաժարվում էր բոլոր նկրտումներից: Ազգությամբ հույները բնակչության փոխանակման պատրվակով արտաքսվում էին Թուրքիայի տարածքից, բացառությամբ Կոստանդնուպոլսի: Այժմ Ստամբուլում մոտ 4000 հույն է բնակվում: Թուրքիան հասավ նրան, որ Անտանի երկրները հրաժարվեցին հայերի «ազգային օջախի» գաղափարից: Օսմանյան կայսրությունում բնակվող շուրջ 2 մլն հայերից մնացին Ստամբուլում բնակվող 60-70 հազար հայերը:

Այժմ Թուրքիան ընտրության առջև է՝ հետևել Քեմալի պատգամներին թե երկիրը վերածել իսլամական հանրապետության: Գլխավոր շտաբը, որը որոշումներ էր կայացնում, այժմ գրեթե չի գործում, բոլոր հարցերը լուծում է Արդարության ու զարգացման կուսակցությունը, իսկ ավելի շուտ անձամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ճիշտ է, եթե Թուրքիան լուծի քրդական հարցը, երկրում կարող է խաղաղություն հաստատվել: Բայց առայժմ քրդերը վճռական են պաշտպանելու իրենց անկախությունն ու ինքնավարություն են պահանջում:

Նման արյունալի անցյալով ու մշուշոտ ապագայով է Թուրքիան սկսում վերջին տասնամյակը 100-ամյակից առաջ: 10 տարին մեծ ժամկետ չէ, բայց փոքր էլ չէ, եթե իրադարձությունները զարգանան ոչ այնպես, ինչպես կցանկանար Էրդողանը՝ այլ ուղղությամբ: Թե հատկապես որ, ցույց կտան ընտրությունները:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net Photo:wikipedia.org
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---