ԱՄՆ հետախուզությունը տվյալներ ունի, որ Բաքուն կաշառել է ԵԽԽՎ և ԵԽ պատգամավորներին

ԱՄՆ հետախուզությունը տվյալներ ունի, որ Բաքուն կաշառել է ԵԽԽՎ և ԵԽ պատգամավորներին

PanARMENIAN.Net - ԱՄՆ հետախուզությունն ապացույցներ է ձեռք բերել, որ Բաքուն կաշառել է ԵԽԽՎ դիտորդական առաքելության անդամ պատգամավորներին, որոնք հետևում էին նախագահական ընտրություններին Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին: Ենթադրվում է, որ այդ նյութերի մի մասը փոխանցվել է ընդդիմությանը: Ինչպես գրում է «Ենի Մուսավաթը» սեփական աղբյուրների վրա հղումով, ԱՄՆ-ն անհերքելի ապացույցներ ունի, որ ԵԱՀԿ պատգամավորները, որոնք հետևում էին ընտրությունների ընթացքին հոկտեմբերի 9-ին, կաշառվել են: Ըստ աղբյուրի, որպես «անհերքելի ապացույցներ» բերվում են նաև եվրախորհրդարանականների հեռախոսազրույցները:

ԱՄՆ հետախուզությունը դեռ մինչև ընտրությունները տեղեկացել էր, որ համաձայնություն է պատրաստավում ԵԽԽՎ պատգամավորների հետ և հսկողության տակ էր առել եվրախորհրդարանականների հեռախոսազրույցներն ու գրագրությունը ինտերնետում: Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ բանակցությունների համար լիազորվել էր Եվրանեսթ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության նախագահ և այդ կառույցի փոխնախագահ Էլհան Սուլեյմանովը: Պնդում են, որ ԱՄՆ-ն ապացույցներ ունի, որ եվրոպական իրավաբանական խորհրդատվական կառույցներից մեկի միջոցով, որը տեղակայված է Գերմանիայում, եվրոպացի խորհրդարանականներին է փոխանցվել 50-հազարական դոլար: «Այդ տեղեկատվության մասին իրազեկվել են նաև Ադրբեջանի իշխանությունները»: Ավելի ճիշտ, փաստագրված պատասխան է տրվել Բաքվի այն պնդումներին, թե իբր «ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Եվրոպայի վրա, որպեսզի վերջինս չճանաչի ընտրությունների արդյունքները»:

Եվրախորհրդարանը հոկտեմբերի 9-ին կայացած Ադրբեջանի նախագահական ընտրությունների արդյունքների քննարկումը նախատեսում է 2014 թ. հունվարին: Եթե մեղադրանքները լուրջ լինեն, որոշումը կկայացվի ոչ թե ԵԽԽՎ պատգամավորների կարծիքի հիման վրա, այլ բոլորովին այլ: Եվ եթե իշխանությունները չկարողանան իրավիճակը շտկել, դա լուրջ միջազգային սկանդալ կլինի»,-ասել է աղբյուրը:

Էլհան Սուլեյմանովի անունն առաջին անգամը չէ, որ հիշատակվում է եվրախորհրդարանականներին կաշառելու առնչությամբ: Լուրեր են շրջանառվում, որ նա «խավիարային դիվանագիտության» առաջատար դեմքերից է ու վերջինիս հեղինակը: Վերջերս «Եվրոպական կայունության նախաձեռնության» զեկույցում ասվում էր, որ Բաքու այցելության ժամանակ մի խումբ պատգամավորներ, որոնք Ադրբեջանի բարեկամներն են ԵԽԽՎ-ում, որպես ընծաներ ստացան խավիար, մետաքսի գորգեր, ոսկե ու արծաթե զարդեր, ինչպես նաև կանխիկ դրամական միջոցներ, գրում է minval.az-ը:

2013 թ. հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում նախագահական ընտրություններ տեղի ունեցան: 2003 թ. նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալիևը ստացավ ձայների 84,5 տոկոսը, իսկ ընդդիմության միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին՝ 5,53 տոկոս: Ընտրություններին մասնակցել է 10 թեկնածու: Ալիևի հաղթանակը կանխորոշում էին նաև նախընտրական կանխատեսումները: Ընդդիմությունը հայտարարեց, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները համատարած խախտումների պատճառով:

Եվրախորհրդարանի դիտորդական ու ԵԽԽՎ առաքելությունները դրական են արտահայտվել ընտրությունների մասին, սակայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ԱՄՆ պետքարտուղարությունը, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ, Եվրախորհրդարանը ընտրություններն անվանել են ոչ ժողովրդավարական ու ԵԱՀԿ չափանիշներին չհամապատասխանող:Ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլին մեղադրեց Ադրբեջանի իշխանություններին ԵԽԽՎ առաքելության անդամներին կաշառելու մեջ: Ըստ նրա, բանակցութհյուններն առաքելության անդամների հետ ընթացել են Ստրասբուրգի Hilton հյուրանոցում: ԵԽ-ն չարձագանքեց այդ մեղադրանքներին: The Washington Post-ը կազմել է «2013 թվականի վատագույն գաղափարների» ցանկը, որտեղ ընդգրկվել են նաև վերջերս Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները:

Photo:hrc.az
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---