Ադրբեջանական ԶՈւ-երը կրակել են Տավուշի ուղղությամբ. Տուժածներ չկան

Ադրբեջանական ԶՈւ-երը կրակել են Տավուշի ուղղությամբ. Տուժածներ չկան

PanARMENIAN.Net - Ադրբեջանական ԶՈւ-երն այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 12:30-ի սահմաններում` մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, չլսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը, խախտել են հրադադարի ռեժիմն ու ինտենսիվ կրակ բացել Տավուշի մարզի ուղղությամբ: Մասնավորապես, կրակել են Վազաշեն գյուղի ուղղությամբ ճանապարհով ընթացող քաղաքացիական մեքենաներին, ինչպես նաև թիրախում ունենալով այլ հատվածներ: Հիմնականում, կրակ է արձակվել գնդացիրներից, ինչպես նաև մեծ տրամաչափի հրաձգային զենքերից, իր ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Գնդակոծության հետևանքով տուժածներ չկան:

Հայկական ԶՈւ-երը, կատարելով ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի հրահանգը, պահպանում են լռություն: Հերթական անգամ ադրբեջանական կողմը չի պահպանում հրադադարի ռեժիմն և անտեսում է խաղաղության բոլոր կոչերը, ինչի արդյունքում միջադեպի ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է իրենց վրա:

Նոյեմբերի 14-ին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական Խորհրդում ելույթ էին ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Ջեյմս Ուորլիկը ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը:

Մինսկի խմբի համանախագահները ներկայացրել էին 2013թ. ընթացքում կատարված աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Վերահաստատվել էր համանախագահ պետությունների` Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դիրքորոշումը, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Կարևորվել էր նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև նոյեմբերին կայանալիք հանդիպման անցկացումը, ինչը կարող է նոր լիցք հաղորդել բանակցային գործընթացին, տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---