Վ. Օսկանյանը ամերիկացի կոնգրեսկաններին ծանոթացրեց ղարաբաղյան կարգավորման գործընթացին

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ կոնգրեսականներ Ջիմ Քոլբին, Սկոթ Գարեթին եւ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գործադիր տնօրեն, դեսպան Ջոն Դանիլովիչին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում ծավալվեց մտքերի փոխանակություն հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հետ ստորագրված պայմանագրի դրույթների իրականացման եւ այդ նպատակով Երեւանում գրասենյակի ստեղծման, Հայաստանում ազատ տնտեսական համակարգի զարգացման եւ ժողովրդավարության ամրապնդման, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ: Բարձր գնահատելով Հայաստանի անկախացումից հետո ԱՄՆ կողմից ցուցաբերվող աջակցությունը` երկուստեք նշվեց Հազարամյակի մարտահրավեր ծրագրի շրջանակներում հայկական կողմին տրամադրվող միջոցների ծախսերի կատարման թափանցիկ եւ բաց, հանրությանը տեղյակ պահելու կարեւորությունը եւ Հայաստանի կառավարության նվիրվածությունը ժողովրդավարության սկզբունքներին: Այնուհետեւ կողմերն անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին` շոշափելով Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ առնչվող հարցեր: Հյուրերի խնդրանքով նախարար Օսկանյանը ընդհանուր գծերով ներկայացրեց Ռամբույեի բանակցություններից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված վիճակը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---