Դեսպան. ՄՄ-ն խոչընդոտ չէ Իրանի և ՀՀ հարաբերությունների համար, որին Թեհրանը կարող է գազը վաճառել զեղչով

Դեսպան. ՄՄ-ն խոչընդոտ չէ Իրանի և ՀՀ հարաբերությունների համար, որին Թեհրանը կարող է գազը վաճառել զեղչով

PanARMENIAN.Net - Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը չի խոչընդոտի հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացմանը, ուրբաթ օրը լրագրողներին է հայտարարել Հայաստանում Իրանի դեսպան Մուհամմադ Ռեիսին:

«Անդամակցումը Մաքսային միությանը չի խանգարի հայ-իրանական տնտեսական հարաբերություններին, քանի որ Հայաստանի իշխանություններն որոշումը կայացրել են, քննելով բոլոր հնարավորությունները»,-ասել է Ռեիսին:

Նա նշել է, որ Իրանը դեռ ամբողջական պատկերացում չունի Մաքսային միության մասին:

«Երբ մենք ամբողջական պատկերացում կունենանք, իրազեկ կլինենք կանոնադրությանը, կանոններին, որոնք գործելու են, մենք կուսամնասիրենք դրանք»,-ասել է դեսպանը, հայտնում է «Նովոստի-Արմենիան»:

Ինչպես հայտնում է ԱՐԿԱ գործակալությունը, Իրանը կարող է ոչ շուկայական մոտեցումներ կիրառել բարեկամ երկրների համար մատակարարվող բնականի գազի գնի հարցում:

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ։ Արդեն մի քանի տարի գործում է էլեկտրաէներգիայի փոխարեն գազի մատակարարման համաձայնագիրը։ Մենք հավատարիմ ենք այդ համաձայնագրին, թեև գների որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել։ Իրանը բարեկամ երկրների հետ այլ քաղաքականություն է կիրառում, կարող է զեղչերի համակարգ կիրառել, իսկ ընդհանուր առմամբ ղեկավարվում է միջազգային գներով», – ասել է Ռեյիսին։

Նրա խոսքերով` Իրանը Թուրքիային և այլ երկրներին գազը վաճառում է գործող միջազգային գներով, սակայն որոշ բարեկամ երկրների համար կարող է կիրառվել զեղչերի համակարգ, ինչը կախված է այս երկրների հետ ձեռք բերված համաձայնությունից և պայմանավորվածություններից։

Որպես օրինակ նա նշեց, որ այսօր մեկ խորանարդ մետրի համար Հայաստանը Իրան է մատակարարում 3 կՎտ էլեկտրաէներգիա։

«Սա ձեռնտու չէ Իրանին, սակայն այն ժամանակ Իրանի կառավարությունն ընդունեց այդ որոշումն ու մինչ օրս հավատարիմ է մնում իր պարտավորություններին», – ավելացրել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե, արդյո՞ք, Իրանը կարող է Հայաստան գազ մատակարարել ավելի ցածր գնով, քան Ռուսաստանը, դեսպանը հայտարարեց, որ դեռևս «պարզ չէ, թե որ գինն է ավելի բարձր»։

«Հարկավոր է նստել բանակցությունների սեղանի շուրջ, գործարքի ստորագրման պահին պարզ կդառնա, թե որ գինն է ավելի բարձր։ Նախևառաջ, պետք է հաշվի առնվի ռուսական և իրանական գազի գինը, իսկ հետո արդեն պարզ կդառնա` կարո՞ղ են, արդյոք, երկրները մրցել, թե՞ հավասար են։ Մենք կարող են մի երկրին գազ վաճառել 400 դոլարով, մյուսին` 100 դոլարով», – ավելացրել է նա։

Ըստ հայկական ԶԼՄ–ների` ավելի վաղ Ռեյիսին ակնարկել էր, որ Իրանը կարող էր Հայաստանին գազ վաճառել ավելի էժան, քան Ռուսաստանը։ Դրանից հեոտ ՀՀ էներգետիկայի նախարար Մովսիսյանը հայտարարել էր, որ Իրանը Հայաստանին գազ կվաճառեր սահմանի վրա մեկ խորանարդ մետրի դիմաց նվազագույնը 400 դոլարով (Ռուսաստանը վաճառում է 189 դոլարով)։

Դեսպանն ընդգծել է, որ ոչ մի տեղ փաստաթուղթ չի տեսել, որտեղ նշված է 189 դոլարի մասին։

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:

Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա:

Դեկտեմբերի 2-ին Երևանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է հետագայում էլ աջակցել Հայաստանին ՄՄ-ին անդամակցելու գործընթացների հարցում։ Նրա խոսքով, այժմ նախագծվում է «ճանապարհային քարտեզը», որը կհարմարեցնի ՀՀ Սահմանադրությունը ՄՄ ու Միասնական տնտեսական գոտին կանոնակարգող իրավական համակարգին:

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը կստորագրվի դեկտեմբերի 24-ին Մոսկվայում՝ Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում:

Հղումներ թեմայով.
Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---