Միջազգային ավիացիոն պայմանագրերի համար պատասխանատու կլինի էկոնոմիկայի նախարարությունը

Միջազգային ավիացիոն պայմանագրերի համար պատասխանատու կլինի էկոնոմիկայի նախարարությունը

PanARMENIAN.Net - Օդային փոխադրումների ազատականացման ու բաց երկնքի քաղաքականության ներդրմանն ուղղված միջոցառումներն ապահովելու բնագավառում ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում իրավասություններ է վերապահել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Որոշմամբ սահմանվել է, որ ՀՀ կառավարության և օտարերկրյա պետությունների կառավարությունների միջև օդային հաղորդակցության ոլորտում կնքված միջազգային պայմանագրերում փոփոխություն և լրացում կատարելու, ինչպես նաև միջազգային նոր երկկողմ պայմանագիր կնքելու վերաբերյալ բանակցություն վարելու, պայմանագրի տեքստը մյուս կողմի հետ փոխհամաձայնեցնելու գործառույթներն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը` ներգրավելով ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

Հունիսի 6-ին կառավարությունը հաստատեց ավիափոխադրումների ոլորտի փուլային ազատականացման ռազմավարությունը: Հոկտեմբերի 23-ին կառավարությունը հաստատեc «Հայաստանում ավիափոխադրումների մրցակցային և շարունակական ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը», որը հիմնված է «McKinsey & Company» ընկերության և ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամի կողմից անցկացված համատեղ հետազոտության վրա։

Հետազոտության համաձայն, Հայաստանում զբոսաշրջիկների հոսքի աճի տեմպը «բաց երկնքի» քաղաքականության ներմուծումից հետո կգերազանցի ՀՆԱ–ի աճի տեմպերը։ Այսպես, ավիաընկերությունների գործունեությունը կանդրադառնա ՀՆԱ–ի ծավալի ավելացման վրա 40–50 մլն դոլարի, օդանավակայանի` 30–40 մլն դոլարի, զբոսաշրջության զարգացման` 260–320 մլն դոլարի չափով։

Արդեն իսկ կնքված կամ կնքվելիք միջկառավարական համաձայնագրերը վերանայվելու են սահմանափակումների վերացման իմաստով, ինչը դրական ազդեցություն կունենա տնտեսության, աշխատատեղերի ստեղծման, ուղևորների քանակի աճի և ավիափոխադրումների սակագնի իջեցման վրա:

Նախօրեին Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանն Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց, որ «բաց երկնքի» քաղաքականությունը 20-25 տոկոսով կնպաստի ուղևորափոխադրումների աճին:

Ավելին, ըստ նրա, «բաց երկնքի» քաղաքականության ներդրման արդյունքում ավիատոմսերի գները կնվազեն 10-50 տոկոսով: Խաչատրյանն ասել է, որ արդեն նկատվում է գների անկում մի շարք ուղղություններով: Մասնավորապես Երևան-Դուբայ երթուղով շաբաթական արդեն իրականացվում է 11 չվերթ նախկին 3-4-ի փոխարեն: Արդյունքում տոմսերի գինը միջինը նվազել է 40 տոկոսով՝ 200 հազար դրամից հասնելով 120 հազար դրամի: Գների նվազում է նկատվում նաև Երևան-Մոսկվա չվերթի ուղղությամբ: Եթե նախկինում հետադարձի հետ միասին տոմսի գինը կազմում էր 200 հազար դրամ, ապա այսօրվա դրությամբ այն նվազել է մինչև 160 հազարը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---