Իսրայելն առևտրի ազատ գոտում կգործակցի ՄՄ երկրների հետ

Իսրայելն առևտրի ազատ գոտում կգործակցի ՄՄ երկրների հետ

PanARMENIAN.Net - Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը հուսով է, որ արդեն 2014 թվականին կմշակվի և կստորագրվի Իսրայելի և ՄՄ երեք երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի միջև առևտրի ազատ գոտու մասին համաձայնագիրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Այս շաբաթ նախարարն այցելել է Մոսկվա, որտեղ մասնակցել է ռուս-իսրայելյան միջկառավարական հանձնաժողովի նիստին որպես համանախագահ: «2014 թվականին համաձայնագիր կմշակվի ու կստորագրվի Իսրայելի, Ռուսաստանի և Մաքսային միության մյուս երկու երկրների՝ Ղազախստանի ու Բելառուսի միջև»,-ասվում է Facebook-ում Լիբերմանի պաշտոնական էջում զետեղված հաղորդագրության մեջ:

«Միասնական առևտրային տարածքի, առևտրի ազատ գոտու մասին պայմանագրի ստորագրումը պետք է ազդանշան լինի գործարարների համար, որ վերևներում ՌԴ և Իսրայելի միջև գործընկերային հարաբերությունները շատ դրական են ընկալվում, քանի որ ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի ստորագրումը ենթադրում է քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակ»,-հավելել է նախարարը:

Գալիք տարվա սկզբին Լիբերմանը ակնկալում է նաև, որ կավարտվի աշխատանքը Իսրայելի համար սկզբունքային նշանակություն ունեցող համաձայնության վրա ՌԴ տարածքում ԽՍՀՄ նախկին քաղաքացիների վաստակած կենսաթոշակների մասին: «Աշխատանքի գործնական մասն ավարտված է, մնացել են վերջին շտրիխները: Հուսով եմ, որ 2-3 ամսից մենք այն կլրամշակենք և այն կվավերացվի երկու երկրների խորհրդարաններում»,-ասել է Լիբերմանը: Այժմ ՌԴ կենսաթոշակ ստանում են միայն այն իսրայելցիները, որոնք պահպանել են ՌԴ քաղաքացիությունը:

Foto: AFP
Հղումներ թեմայով.
Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---