ՌԴ, ԱՄՆ ու ՄԱԿ դիվանագետները Ժնևում կրկին կքննարկեն Սիրիայի խորհրդաժողովի հարցը

ՌԴ, ԱՄՆ ու ՄԱԿ դիվանագետները Ժնևում կրկին կքննարկեն Սիրիայի խորհրդաժողովի հարցը

PanARMENIAN.Net - ՌԴ, ԱՄՆ ու ՄԱԿ դիվանագետները կրկին կհանդիպեն Ժնևում՝ Սիրիայի խաղաղ «Ժնև-2» խորհրդաժողովի կազմակերպման հարցերըքննարկելու:

Ռուսական պատվիրակությունը հերթական, վերջին կես տարում արդեն հինգերորդ անգամ, կգլխավորեն ԱԳ փոխնախարարներ Միխայիլ Բոգդանովն ու Գենադի Գատիլովը: Ամերիկյան կողմից խորհրդակցություններին մասնակցում են պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ուենդի Շերմանը, ՄԱԿ-ից ՝ Սիրիայի գծով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին:

Ինչպես ակնկալվում է, եռակողմ հանդիպման ավարտին մասնակիցներին կմիանան ՄԱԿ ԱԽ մշտական անդամների ներկայացուցիչները, ինչպես նաև Սիրիայի հարևան չորս պետությունների պատվիրակությունները, որոնք կրում են հիմնական բեռը՝ 2,4 մլն սիրիացի փախստակններ՝ Լիբանանը, Հորդանանը, Թուրքիան և Իրաքը:

Չի բացառվում, որ այս ռաունդը, որն ավանդաբար կանցնի Ազգերի պալատում, Ժնևում ՄԱԿ եվրոպական բաժնի կենտրոնակայանում, վերջինը կդառնա: Սիրիական կարգավորման գծով համաժողովի անցկացման վայրն ու ժամկետն արդեն հայտնի են՝ հունվարի 22-ին շվեյացարական Մոնտրյո քաղաքում, իսկ հետո անմիջապես Ժնևում:

Համաձայնեցված է նաև մասնակից պետությունների համաձայնագրի նախագիծը: Այնուամենայնիվ, դեռ պարզ չէ, թե հստակ ով է հրավիրվելու մասնակցության:

Մասնակիցների ցանկում մոտ 30 երկիր կա, սակայն լուծված չէ հարցը, թե արդյոք հրավիրյալների թվում կլինի Իրանը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Մոսկվան ի սկզբանե կողմ էր, որպեսզի «Ժնև-2»-ին մասնակցեն բոլոր առանցքային տարածաշրջանային երկրների պատվիրակությունները, այդ թվում նաև Իրանը: Ինչպես ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, Ժնևի խորհրդաժողովի հաջողության համար նրա աշխատանքին պետք է մասնակցեն բոլոր նրանք, ովքեր կարող են ազդեցություն ունենալ իրավիճակի վրա»: «Անկասկած, Իրանն այդ երկրների թվում է»,-վստահ է ռուս նախարարը:

Այսպես թե այնպես, այսօր ՌԴ, ԱՄՆ և ՄԱԿ ներկայացուցիչները, հավանաբար, կկարողանան վերջակետ դնել այդ հարցում:

Անհասկանալի է մնում նաև սիրիական ընդդիմության մասնակցության ձևաչափը: Ռուսական կողմը բազմիցս է արտահայտվել միասնական պատվիրակության օգտին, որը կմիավորեր ընդդիմադիր խոշորագույն խմբավորումներին: Սակայն մինչ օրս Ասադի հակառակորդների ճամբարում միասնություն չկա: Ինչպես նախկինում նշել է Գենադի Գատիլովը, սիրիական ընդդիմության կազմը «Ժնև-2»-ում դեռ հայտնի չէ: Ըստ Գատիլովի, ԱՄՆ ու ՄԱԿ պատվիրակությունների հետ շփումների ժամանակ այդ հարցն արծարծվելու է:

Մինչդեռ Ռուսաստանը որոշել է ՄԱԿ հիմնադրամին 2 մլն դոլար փոխանցել սիրիական քիմզենքի բաղադրիչների տեղափոխման համար, հայտնել է կոնվենցիոնալ խնդիրների իրականացման դեպարտամենտի տնօրեն Վիկտոր Խոլստովը:

«Ռուսաստանը որոշել է աջակցել և միջոցներ փոխանցել ՄԱԿ հիմնադրամին քիմզենքի տեղափոխման և հետագա ոչնչացման նպատակով»,-ասել է նա: Նա նշել է, որ թունազերծման գործողությունները ամերիկյան պլատֆորմների վրա կատարվելու են միջազգային տեսուչների մասնակցությամբ:

Դեկտեմբերի 17-ին Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր տնօրեն Ահմեդ Ուզյումջյուն հայտնել է ՔԶԱԿ Գործադիր խորհրդին, որ որոշված են առավել վտանգավոր քիմիական նյութերի ոչնչացման ծրագրի պարամետրերը: Նախատեսվում է ԱՄՆ-ին նավ տրամադրել, որի վրա կիրականացվի չեզոքացումը: Նորվեգիան ու Դանիան պատասխանատու կլինեն ծովային տեղափոխման համար սիրիական Լաթակիային: Իտալիան թույլ է տվել օգտագործել իր նավահանգիստը քիմիական զենքի վերաբեռնավորման համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---