Եգիպտոսի կառավարությունը «Մահմեդական եղբայրներին» հայտարարել է ահաբեկչական կազմակերպություն

Եգիպտոսի կառավարությունը «Մահմեդական եղբայրներին» հայտարարել է ահաբեկչական կազմակերպություն

PanARMENIAN.Net - Եգիպտոսի կառավարությունը «Մահմեդական եղբայրներին» պաշտոնապես հայտարարել է ահաբեկչական կազմակերպություն: Կառավարության հայտարարության մեջ ասվում է, որ այսուհետ նրա անդամներին արգելվում է մասնակցել ցույցերին, որոնք մինչ այժմ ամեն օր էին կազմակերպվում: Եգիպտական իշխանությունները «Մահմեդական եղբայրներին» են մեղադրել նաև Էլ Մանսուր ոստիկանության բաժանմունքի մոտ ահաբեկչական գործողությունների համար, չնայած, որ պատասխանատվությունը ստանձնել է «Անսար Բեյտ ալ Մակդիս» խմբավորումը:

Մահապարտների բռնարարքի զոհ դարձավ 17 մարդ, ևս 130-ը վիրավորվեց: Եգիպտոսում եռօրյա սուգ հայտարարվեց: «Ալ Քայիդայի» հետ կապված կառույցները հայտարարեցին, որ ահաբեկչությունը պատասխան էր գործող ռեժիմին, որն, ըստ իրենց, պայքարում է իսլամական օրենքի դեմ:

Ծայրահեղականների ակտիվությունը Սինայի թերակղզում աճեց նախագահ Մոհամմեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո, որը «Մահմեդական եղբայրների» անդամ էր: Այդ «եղբայրության» ճյուղերից է նաև պաղեստինյան «ՀԱՄԱՍ»-ը: Եգիպտացիներից շատերը գտնում են, որ հենց նրանք են սատարում եգիպտացի ծայրահեղականներին: Չորեքշաբթի զինվորականները Սինայում ձերբակալել են «ՀԱՄԱՍ»-ի ակտիվիստներից մեկին, որն ահաբեկչական գործողություն էր ծրագրում ուժայինների դեմ, հայտնում է euronews-ը:

«Մահմեդական եղբայրները» միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որ հիմնվել է 1928թ. ուսուցիչ Հասան ալ Բաննայի կողմից Եգիպտոսի Իսմաիլիի քաղաքում: 1933թ. ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվեց Կահիրե: 1949թ. Հասան ալ Բաննայի մահից հետո, 1950թ. շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ ալ Կուտբը, որը մահապատժի ենթարկվեց 1966 թվականին: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն արդեն 500 հազար անդամ ուներ:

Մոհամմեդ Մուրսին Եգիպտոսի նախագահ է ընտրվել 2012 թվականին, երբ պաշտոնանկ արվեց Հոսնի Մուբարաքը: Մեկ տարում նա հասցրեց ամբողջությամբ փլուզել տնտեսությունը, և փորձեց շարիաթի օրենքներ հաստատել երկրում: 2013թ. հունիս-հուլիսին երկրի բնակչությունը, որը դժգոհ էր իսլամիստների կառավարումից, մոտ 15 մլն ստորագրություն հավաքեց Մուրսիի պաշտոնանկության օգտին: Հուլիսի 3-ին եգիպտական բանակը տեղեկացրեց Մոհամմեդ Մուրսիին, որ նա այլևս Եգիպտոսի նախագահ չէ: Զինվորականները գնացին դրան Մուրսիին կամավոր հրաժարականի դրդելու անհաջող փորձերից հետո:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---