Մուրսիի դատը հետաձգվել է մինչև փետրվարի 1-ը

Մուրսիի դատը հետաձգվել է մինչև փետրվարի 1-ը

PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիի և «Մահմեդական եղբայրների» առաջնորդների դատը հետաձգվել է մինչև փետրվարի 1-ը: Այդ մասին հայտարարել են Եգիպտոսի պետական ԶԼՄ-ները:

Դատավարությունը պետք է վերսկսվեր այսօր Կահիրեում անվտանգության ուժեղացված միջոցների պայմաններում: Սակայն գլխավոր մեղադրյալին չկարողացան ուղղաթիռով հասցնել Ալեքսանդրիայի բանտից վատ եղանակային պայմանների պատճառով, հայտնում է euronews-ը:

Նախագահական պալատի մոտ ցուցարարների մահվան գործով հարուցված քրեական գործի լսումները սկսվել են 2013 թվականի նոյեմբերի 4-ին: Առաջին նիստից հետո հայտարարվեց երկամսյա ընդմիջում նյութերի լրացուցիչ ուսումնասիրության համար: Նշված դրվագը վերաբերում է 2012 թվականի դեկտեմբերի 5-ի իրադարձություններին, երբ աշխարհիկ պետության ու իսլամիստների կողմնակիցների բախումների հետևանքով ըստ պաշտոնական տվյալների զոհվեց տասը և տուժեց մոտ 700 մարդ:

Ինքը Մոհամմեդ Մուրսին նախորդ նիստում դատավարությունն անվանեց «քաղաքական» և հրաժարվեց ընդունել դատի օրինականությունը: Նրան և ևս 14 մեղադրյալների մահապատիժ է սպառնում:

Նախագահի և ահաբեկչական հայտարարված «Մահմեդական եղբայրների» կողմնակիցները կոչ են արել բոլոր համակիրներին դուրս գալ փողոց, անկախ արգելքից:

Առաջին դատավարությունից ի վեր Կահիրեում ևս մեկ դատավարություն է սկսվել Մուրսիի ու «Մահմեդական եղբայրների» դեմ, կապված ցուցարարների մահվան հետ նախորդ տարվա հունիսի 30-ին: Այժմ պատրաստվում է երրորդը: Այս անգամ Մուրսին մեղադրվում է օտարերկրյա պետությունների օգտին լրտեսելու ու պետական դավաճանության մեջ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---