Հայաստանը տնտեսական ազատությամբ 41-րդ երկիրն է աշխարհում. կոռուպցիան դեռ հաղթահարված չէ

Հայաստանը տնտեսական ազատությամբ 41-րդ երկիրն է աշխարհում. կոռուպցիան դեռ հաղթահարված չէ

PanARMENIAN.Net - Հայաստանը 41-րդն է աշխարհի 178 երկրներից Տնտեսական ազատության ցուցիչ 2014-ի տվյալներով և աշխարհում ու եվրոպական տարածաշրջանում միջինից բարձր մակարդակ ունի` ցույց է տվել Ամերիկյան Heritage Foundation հիմնադրամի տարեկան զեկույցը:

Գնահատելով Հայաստանի կառավարության` տնտեսությունը ազատականացնելու գործողությունները` զեկույցի փորձագետները կարևորել են, որ անցած 20 տարիներին երկիրը բարելավել է տնտեսական ազատության ցուցանիշը 26,7 միավորով, ինչը չորրորդ ամենամեծ բարձրացումն է: Առաջխաղացմանը նպաստել են տնտեսական 10 ազատություններից 8-ի դեպքում արձանագրված դրական տեղաշարժերը, օրինակ, հարկաբյուջետային, առևտրի, ֆինանսական, պետական ֆինանսական միջոցների կառավարման բնագավառներում:

«Տնտեսական ազատության լայնամասշտաբ առաջխաղացման շնորհիվ տնտեսությունում արձանագրված դիվերսիֆիկացումը նպաստել է Հայաստանի տնտեսական դինամիզմի բարելավմանն ու աղքատության կրճատմանը»,- եզրակացնում են զեկույցի փորձագետները:

Ազգային վիճակագրության ծառայության տվյալներով` ըստ եկամտի հաշվարկվող աղքատության մակարդակը 2008 թվականի 38,1 տոկոսից 2012-ին նվազել է մինչեւ 32,8 տոկոս:

Հարևան երկրներից Հայաստանը զիջում է միայն Վրաստանին, որը 178 երկրներից 22-րդն է որպես «հիմնականում ազատ» երկիր, Թուրքիան` 64-րդը և Ադրբեջանը` 81-րդը, Հայաստանի նման «չափավոր ազատ» տնտեսություն ունեն, մինչդեռ Իրանի տնտեսությունը, որ 173-րդն է, համարվում է «ճնշված»:

Այնուամենայինվ, անցած տարվա համեմատ, Հայաստանը հետընթաց է գրանցել 0,5 կետով` մինչև 68,9 միավոր, ինչն, ըստ զեկույցի, պայմանավորված է ներդրումային, գործարարության և դրամական ազատության ոլորտներում գրանցված անկմամբ: Պաշտոնական վիճակագրության համաձայն` ներդրումների ծավալը վերջին 5 տարիներին Հայաստանում աստիճանաբար նվազել է` ՀՆԱ-ում 2008-ին արձանագրված 41 տոկոսից 2012-ին դառնալով 23,8 տոկոս ու պահպանելով նվազման տեմպը նաև անցած տարի:

Ըստ զեկույցի հեղինակների` հետընթացը հաղթահարելուց զատ, Հայաստանը նաև պետք է «էական մարտահրավերներ» հաղթահարի` ինստիտուցիոնալ և համակարգային խորը բարեփոխումներ իրականացնելով, քանի որ թե սեփականության պաշտպանության իրավունքը, թե կոռուպցիայի մակարդակը չեն համապատասխանում համաշխարհային չափանիշներին:

«Կոռուպցիան վարակում է այնպիսի կարևորագույն ոլորտներ, ինչպիսիք են հարկային ու մաքսային գործառնությունները, առողջապահությունը, կրթությունն ու օրենքի կիրառումը»,- եզրակացնում են զեկույցի հեղինակները, որոնք «ազատություն կոռուպցիայից» ցուցանիշը ամենացածրերից մեկն են գնահատել 26,7 միավոր:

Տնտեսական ազատության ցուցիչը հաշվարկվում է տասը ցուցանիշների հիման վրա` գործարարության, առևտրի, հարկաբյուջետային, դրամավարկային, ներդրումների, ֆինանսական, աշխատանքի ազատությունները, կառավարության ծախսերը, կոռուպցիայից ձերբազատվածությունն ու սեփականության իրավունքի պաշտպանության մակարդակը։ Ցուցանիշներից յուրաքանչյուրը գնահատվում է 0-ից մինչև 100 միավորով:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---