Լավրովը կհանդիպի Իրանի ու Սիրիայի ԱԳ նախարարներին

Լավրովը կհանդիպի Իրանի ու Սիրիայի ԱԳ նախարարներին

PanARMENIAN.Net - Մոսկվայում կկայանա Իրանի, Ռուսաստանի ու Սիրիայի ԱԳ նախարարներ Մոհամմեդ Ջավադ Զարիֆի, Սերգեյ Լավրովի ու Վալիդ ալ Մուալլիմի եռակողմ հանդիպումը, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն: Հանդիպմանը կողմերը մտադիր են քննարկել Սիրիայի գծով «Ժնև-2» խորհրդաժողովի շրջանակում երեք երկրների դիրքորոշումների մերձեցման հարցերը:

Երկուշաբթի՝ հունվարի 13-ին, Փարիզում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ու Սիրիայի գծով ՄԱԿ ու ԱՊԼ դեսպանորդ Լահդար Բրահիմիի հանդիպմանը քննարկվել էր Ժնևում բանակցությունների շեմին հրադադարի հաստատման հնարավորությունը:

Հայտարարվել էր նաև, որ դիտարկվում է հակամարտության կողմերի միջև գերիների փոխանակման հնարավորությունը: Սերգեյ Լավրովն ու Լահդար Բրահիմին նաև հայտարարել էին, որ բանակցություններին պետք է մասնակցի Իրանը, ինչին ԱՄՆ-ն դեմ է:

Հունվարի 16-ին Զարիֆը նաև կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

2011 թ. մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 125 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը կազմում էր 20 միլիոն:

Սիրիական կարգավորման «Ժնև-2» միջազգային խորհրդաժողովը կանցնի երկու փուլով: Այն կմեկնարկի հունվարի 22-ին շվեյցարական Մոնտրյո քաղաքում, իսկ հետո հունվարի 24-ին կշարունակվի Ժնևի Ազգերի պալատում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---