Հանրաքվե Եգիպտոսում. Ինչն էլ պահանջվում էր ապացուցել

Հանրաքվե Եգիպտոսում. Ինչն էլ պահանջվում էր ապացուցել

PanARMENIAN.Net - Սահմանադրության նոր խմբագրության վերաբերյալ հանրաքվեն Եգիպտոսում հավաքել է ձայների 95 տոկոսը: Ճիշտ է, դա մի փոքր քիչ է, քան արձանագրվեց Մուրսիի սահմանադրության դեպքում՝ այն ժամանակ «կողմ» քվեարկեց մասնակիցների 66 տոկոսը: Բայց այս քվեարկությունն առանձնահատուկ է՝ փաստորեն, եգիպտացիները խոստովանեցին, որ զինվորականներից լավ ոչ ոք չի կարող շտկել իրավիճակն երկրում: Հարց է առաջանում՝ ինչու էր պետք տապալել մի գեներալին, այսինք՝ Հոսնի Մուբարաքին, ի դեմս Աբդել Ֆաթթահ Աս Սիսի մեկ այլ գեներալ ունենալու համար:

Հոսնի Մուբարաքի կառավարման 30 տարիներին եգիպտացիներն ընտելացել են քվեարկել հօգուտ իշխանության, կամ հօգուտ նրանց, ում իշխանություն են համարում: Մուհամմեդ Մուրսիի անփառունակ վերջը մեկ անգամ ևս ապացուցեց, որ Եգիպտոսը, ինչ էլ ասեն, այնուամենայնիվ աշխարհիկ երկիր է, որն ավելի շուտ դեպի Արևմուտք է կողմնորոշված, քան Արևելք, երկար չէր ապրի «Մահմեդական եղբայրների» իշխանության տակ, որոնք խարխլեցին առանց այլն էլ թույլ տնտեսությունը: Զբոսաշրջիկների հոսքի կտրուկ կրճատումը ստիպեց եգիպտացիներին ակամայից մտածել՝ իսկ արդյոք լավ է իսլամը, եթե այն չի ողջունում զբոսաշրջիկներին, ավելին, փորձում է քանդել պատմական հուշարձանները:

Անգամ բուրգերը քանդելու գաղափար կար, որը ժամանակին կասեցվեց առավել սթափ դատող խորհրդարանականների կողմից: Իսկ լողափերում իսլամական «դրես-կոդ» մտցնելու փորձե՞րը…Բայց կարծես ամեն ինչ անցյալում է և որքան էլ «Եղբայրները» փորձեն, նրանց վերադարձը քաղաքական ասպարեզ կարճատև եղավ, բայց հասցրեց զգալի վնաս տալ. նրանք խաղեր էին սկսել «Հեզբոլլահի» հետ, սատարում էին սիրիացի իսլամիստներին: Հավանաբար, իրավացի էր Մուբարաքը, որը թույլ չէր տալիս նրանց մուտքը խորհրդարան, ինչպես և Գամալ Աբդել Նասերը, որը 1954-ին արգելեց կուսակցությունն ու մահապատժի ենթարկեց «Եղբայրների» գաղափարախոս Սաիդ Ալ Կուտբային 1966-ին:

Սահմանադրության վերաբերյալ երկօրյա հանրաքվեին ոստիկանությունը 444 մահմեդական եղբայրների ձերբակալեց: Ինչպես հայտնում է ՆԳՆ-ն, նրանց մեղադրում են քվեարկությունը խափանելու փորձերի մեջ, նրանցից առգրավել են հրացաններ, սառը զենք ու պայթուցիկով շշեր:

Հավանաբար, հանրաքվեի արդյունքում Աս Սիսին կընտրվի նախագահ և կփորձի վերադարձնել տնտեսությունը գոնե Մուբարաքի ժամանակների ցուցանիշներին, ինչն արդեն բավականին բարդ խնդիր է:

Մինչդեռ, ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել Եգիպտոսին ռազմական օգնությունը: Դա տարեկան մոտ կես միլիարդ դոլար է: Համապատասխան փաստաթուղթը պատրաստվում է Կոնգրեսում: Օգնությունը դադարեցվել էր Մուրսիի տապալումից հետո, սակայն Եգիպտոսն ԱՄՆ համար բացառիկ կարևորության գործընկեր է Մերձավոր Արևելքում: Հավանաբար, ԱՄՆ-ում մտածում էին, թե Մոհամմեդ Մուրսին, որին «օգնեցին» նախագահ դառնալ, դեպի ժողովրդավարացում կտանի երկիրը: Սակայն ժողովրդավարության մասին հասկացություններն իսլամիստների ու ամերիկացիների մոտ միանգամայն տարբեր են, եթե չասենք ավելին:

Ըստ փորձագետների, այժմ Եգիպտոսն այն ճանապարհին չէ, որ կարողանա վստահորեն ու հույսով լի խոսել ժողովրդավարության մոտալուտ գալու մասին: Սակայն նաև այդ դեպքում Վաշինգտոնը կարևոր ռազմավարական շահեր ունի Եգիպտոսում, ուստի գործակցությունն Եգիպտոսի հետ կշարունակվի: Վաշինգտոնում նշում են, որ օգնությունը կվերսկսվի միայն ժողովրդավարացման ուղին պահպանելու և Իսրայելի հետ խաղաղ համաձայնությունները կատարելու դեպքում: Տեսակետ կա, որ Օբամայի վարչակազմը հուսալքված է Եգիպտոսին ժողովրդավարացման ուղու վրա դնելու հարցում: Այդ տեսակետից ֆինանսական օգնության վերսկսումը դիտարկվում է որպես ամերիկյան ազդեցությունն արաբական աշխարհի ամենախիտ բնակեցված երկրում պահպանելու փորձ:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---