2013-ին վերականգնվել է 2,3 մլրդ բյուջետային դրամ` Ֆիննախի ուշադրության կենտրոնում հղիներն էին, հարկայինն ու մարզպետարանները

2013-ին վերականգնվել է 2,3 մլրդ բյուջետային դրամ` Ֆիննախի ուշադրության կենտրոնում հղիներն էին, հարկայինն ու մարզպետարանները

PanARMENIAN.Net - 2,3 մլրդ դրամ` 2012-ի 1,1 մլրդ դրամի համեմատ երկու անգամ ավելի բյուջետային միջոցներ են անցած տարի վերականգնվել` վերաձևակերպվել Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից իրականացված 85 ստուգումների արդյունքում:

Ծրագրային, իրավապահ մարմինների պահանջով ու վարչապետի հանձնարարականով արված ստուգումները բացահայտել են, որ, մասնավորապես Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հարկային ծառայության երկու տեսչությունների ստորաբաժանումները 600 մլն դրամով պակաս են հաշվել որոշ ընկերությունների հարկերը, ՊԵԿ-ը ավելի քան 584 մլն դրամի հղիության ու ժամանակավոր անաշխատունակության նպաստ է վճարել, 4 մարզպետարան ավելի քան 200 մլն դրամի դիզելային վառելիք ու ազոտական պարարտանյութ չեն տվել գյուղացիներին և ալյն:

Ու եթե Վանաձորի ու Երևանի Նոր Նորք հարկային տեսչություններում հարկային մուտքերի` 600 մլն դրամով պակաս լինելու հանգամանքը դեռ պետք է, տեսչության պետ Սոնա Ղարիբյանի խոսքով, «կրկնակի ստուգում անցնի», ապա հղիներին վճարվելիք նպաստներում հայտնաբերված սխալներն ուղղված են:

«Հղիության և ծննդաբերության նպաստ» և «Ժամանակավոր անաշխատունակության նպաստ» ծրագրերի իրականացման ընթացքը ստուգելու անհրաժեշտություն, ըստ Ղարիբյանի ծագել է 2013-ի կեսերին, երբ պարզվել է, որ բյուջեով նախատեսված 6 մլրդի չափ գումարը չի բավականացնում անհրաժեշտ վճարումները կատարելու համար:

«Տարվա երկրորդ կեսին աննախադեպ բարձր պահանջներ եղան, ու մենք վարչապետի հանձնարարականով ստիպված էինք ուսումնասիրել այս ամենը` պարզելու համար ինչ խախտումներ կան, քանի որ ծնելիությունն էլ նվազել էր»,- պարզաբանեց տեսչության պետը:

Մասնավարպես, վերահսկողության շնորհիվ բացահայտվել է, որ Պետական եկամուտների կոմիտեն անցած տարվա հունվար-հունիսին խախտելով «Ժամականավոր անաշխատունակության նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման» կարգի պահանջները ավելի քան 584 մլն դրամ ավելի գումար փոխհատուցելու փաստաթղթեր է ներկայացրել Սոցիալական ապահովության պետական ծառայություն:

Տեսչությունն ընտրանքային կարգով ուսումնասիրել է ՊԵԿ-ի 19 հարկային տեսչությունների աշխատանքն ու, օրինակ, պարզել է, որ գործատուն վարձու աշխատողին աշխատանքի է ընդունել հղիության 6-րդ ամսին և աշխատողն ընդամենը մեկ ամիս աշխատելուց հետո ներկայացրել է բյուլետեն և այլևս չի գնացել աշխատանքի` արդյունքում պետությունից ստանալով 150 կամ 220 հազար դրամից ավելի նպաստ:

Այլ օրինակում հղի կինն աշխատել է երկու, իրար հետ փոխկապակցված կազմակերպություններում` համատեղ` առավոտյան 9:30-ից մինչև երեկոյան 21:30 ու ստացել է ավելի քան 2,5 մլն դրամ կամ, մեկ այլ դեպքում, նպաստառուի աշխատավարձը բարձր չի եղել, սակայն, նա բարձր պարգևատրումներ ու կրկին ավելի քան 2 մլն դրամ հղիության և ծննդաբերության նպաստ է ստացել:

Տեսչությունը պարզել է նաև, որ անցած տարվա հունվար-մայիսին 170 գործատու «Ժամանակավոր անաշխատունակության նպաստը» վճարելու փոխարեն դրանք ներկայացրել է որպես պետական բյուջեի հաշվին վճարվելիք գումարներ:

200 մլն դրամ բյուջե է վերադարձվել գյուղնախարարության ու կառավարության կողմից արդյունավետ գնահատված դիզելային վառելանյութի և ազետական պարարտանյութի ձեռքբերման 4 մարզերում իրականցված ստուգումների շնորհիվ: Արարատի մարզում խախտումներն եղել են 101 մլն դրամի, Գեղարքունիքում 70 մլն դրամի, 29 մլն դրամ բաժին է ընկել Շիրակի ու կոտայքի մարզերին:

Տեսչությունը ընտրանքային կարգով ստուգել է նաև կառավարության պահուստային ֆոնդից շինարարության համար միջոցների հատկացման և ծախսման գործընթացներն ու հայտնաբերել ավելի քան 140 մլն դրամի խախտումներ: Ի թիվս այլ խախտումների, Արարատի մարզպետարանում հայտնաբերվածների հիման վրա անգամ քրեական գործ է հարուցվել:

«6 գործ է ուղարկվել Քննչական հատուկ ծառայություն, որոնցից 5-ով հարուցվել է քրեական գործ, որպես մեղադրյալ ներգրավել են պատասխանատու պաշտոնատար անձանց, որոնց վերաբերյալ քրեական գործերն անջատվել և մեղադրական եզրակացություններով ուղարկվել են դատարան»,- նշեց Սոնա Ղարիբյանն` ընգծելով, որ 2013-ին տեսչությունն ավելի քիչ ստուգումներ է իրականացրել, սակայն ավելի մեծ գումարի բյուջետային վերականգնում է եղել:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---