Երևանում էլ խաղատուն չկա. մարդիկ ուրախ են, խաղատների տերերը` արտագաղթելու ճանապարհին

Երևանում էլ խաղատուն չկա. մարդիկ ուրախ են, խաղատների տերերը` արտագաղթելու ճանապարհին

PanARMENIAN.Net - Երևանում և մայրաքաղաքին հարակից տարածքներում խաղատների գործունեության դադարեցումը, որն, ըստ սեփականատերերի, մի քանի հազար մարդու աշխատանքից է զրկելու, ուրախացրել է բազմաթիվ հասարակ քաղաքացիների:

Մարդիկ համոզված են. ոմանք, տեսնելով խաղատների լույսերն ու լսելով միանգամից միլիոնատեր դառնալու խոստումները, չեն դիմանում գայթակղությանը:

Մի շարք խաղատների լույսեր այլևս չեն վառվում Երևանից Զվարթնոց օդանավակայան տանող ճանապարհին «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 2014-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններից հետո: Այսուհետ` խաղատները կարող են գործել միայն Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ և Մեղրի քաղաքներում:

«Ինչքան հեռու, էնքան լավ, - ասում է Էջմիածին քաղաքում վարորդ աշխատող Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչը (չի ցանկանում ներկայանալ): - Քանի տուն ա քանդվել դրանց պատճառով, սկզբում խաղում են, կրում են, հավեսի ընկնում, հետո կրվում են ու կրվում»:

«Գնացողն էլի կգնա, բայց փող չունեցողը հավելյալ մի քանի հազար չի ծախսի, որ հասնի Ծաղկաձոր կամ Ջերմուկ, ստեղ ոտի տակ էր` աչքների առաջ»,- հավելում է վարորդը:

Խաղատների սեփականատերերը, միաժամանակ, ներկայացնում են խնդրի` իրենց վնասող կողմը: Տարբեր լրատվամիջոցներում հրապարակված տվյալներով` 2012-ի նոյեմբերի դրությամբ լիցենզիա ունեցող 69 շահումով խաղերի և 10 խաղատների փակումը անաշխատանք կթողնի 3000-5000 մարդու:

Ավելին, խաղատների ներկայացուցիչներն անարդար են համարում օրենքի այն կետը, որի համաձայն 40 մլրդ դրամ և ավելի ներդրում կատարելու պատրաստ գործարարներին կառավարությունը թույլ է տալու այլ` կառավարության տեսանկյունից նպատակահարմար վայրում շահումով խաղ կազմակերպել, քանի որ դա որոշ տարածքներում մենաշնորհ ձևավորելու հնարավորություն է տալիս:

«Դեռ անցյալ տարի օրենք ընդունեցին, որ պետք է 100 մլն դոլար ներդրում անեն, որ թողնեն Երևանի մերձակայքում կազինո աշխատի, իսկ նման կազինո այսօր Երևանի մերձակայքում մնացել է միայն մեկը, որը բոլորն էլ գիտեն՝ Աբովյանի ճանապարհին է», - Tert.am-ի հետ զրույցում ասել էր խաղասրահներից մեկի աշխատակից ներկայացած Վահան Հովսեփյանը: Ըստ Tert.am-ի, Հովսեփյանը հուշել էր, որ խոսքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատան մասին է:

«Մեր և մյուս խաղատների հաճախորդների հաշվին արդեն կոնկրետ մարդիկ ավելի կհարստանան։ Հասկանալի է, թե ինչու համար էր այս օրենքը պետք՝ մենաշնորհ են ուզում ստեղծեն, որ այդ բիզնեսն իրենց ձեռքը վերցնեն։ Հասկանալի էր, որ չենք կարող այդքան ներդրում անել, 100 մլն տալ, որ կարողանանք մեր ընտանիքը պահենք, դրա համար պետք է ընտրենք գաղթի ճանապարհը»,- Tert.am-ին ասել էր Հովսեփյանը:

«Շանգրի Լա» խաղատունը, որը գտնվում է Երևանից 12 կմ հեռավորության վրա, շարունակում է գործել: Ավելին, Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ մտնող «Օնիրա Քլաբ» ընկերությանը, որը պատրաստ է ավելի քան 61 մլրդ դրամ ներդրում կատարել, կառավարությունը թույլ է տվել խաղատուն կառուցել Վերին Պտղնի գյուղում, որը նույնպես Երևանից հեռու է 12կմ:

Իսկ արդեն փակված խաղատների սեփականատերերից քչերն են մտադիր գումար ծախսել` մեկ այլ վայրում խաղատուն բացելու համար, քանի որ դա ռիսկային են համարում: Ֆինանսների նախարարության տվյալներով` 2014-ին խաղատուն բացելու լիցենզիա ստացել է երեք ընկերություն, որոնցից մեկը վերոնշյալ «Օնիրա քլաբն» է, մյուս երկուսը` «Մառնու» և «Ռոյալ ինտերնթեյմնտ» ընկերություններն են, որոնք խաղատուն են բացելու Ծաղկաձորում:

Հատկանշական է, որ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը, անդրադառնալով լրատվամիջոցներում օրենքի կիրառմամբ Գագիկ Ծառուկյանին պատկանող խաղատների համար մենաշնորհային պայմանների ստեղծման մասին տեղեկատվությանը Zham.am-ին ասել էր, որ Ծառուկյանը «շատ վաղուց չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ»:

«Պարոն Ծառուկյանը շատ վաղուց իր բիզնեսը հանձնել է հավատարմագրային կառավարման՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին և պարզապես որոշ ձեռնարկություններում ունի բաժնեմասեր»,- ասել էր Տոնոյանը:

Միաժամանակ, PanARMENIAN.Net ին տրված պարզաբանումներում Ֆինանսների նախարարությունից նշում էին, որ «խաղատների բիզնեսը ողջ աշխարհում կամ մենաշնորհային է, կամ էլ, լավագույն դեպքում, սահմանափակումներ ունի՝ խաղատների անցանկալի ավելացումը ու նաև հասարակության մեջ խաղամոլության տարածումը կանխելու նպատակով»:

«Մեր երկիրն ընտրել է ոչ թե մենաշնորհային, այլ դաշտում սահմանափակումներ նախատեսելու ճանապարհը, ինչը և իր օրենսդրական արտացոլումն է գտել»,- նշել են նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ըստ Ֆիննախի` «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխությունը խաղատների տեղափոխման մասին ընդունվել է դեռևս 2010-ին, իսկ անցյալ տարվանից դրա կիրառումը մեկ տարով հետաձգվել էր «հաշվի առնելով խաղատնային բիզնես կազմակերպողների՝ նոր պայմաններին համապատասխան գործունեություն ծավալելու կամ տեղափոխվելու ժամանակ ստանալու խնդրանքը»:

«Նախորդ մեկ տարին սակայն ցույց տվեց, որ նրանք այդ ընթացքում ոչ մի միջոցառում չիրականցրին թե ներդրում կատարելու, և թե նախատեսված գոտիները տեղափոխվելու ուղղությամբ»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---