51  18.01.14 - «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության հավաք-երթը

Հանրահավաքից՝ «Զարթիր, Լաո» ու քոչարի. Օրն Ազատության հրապարակում ու Փոքր կենտրոնում

Հանրահավաքից՝ «Զարթիր, Լաո» ու քոչարի. Օրն Ազատության հրապարակում ու Փոքր կենտրոնում

PanARMENIAN.Net - Կեսօրն Ազատության հրապարակում սկսվեց կոչերով՝ քաղաքացիներին, ովքեր գոնե մի փոքր մտածում են Հայաստանի ապագայի մասին, միանալ Ազատության հրապարակում հավաքվածներին, հանուն Հայաստանի Հանրապետության պայքարելու հակասահմանադրական օրենքի դեմ: Կոչ անողները «Դ!եմ եմ» քաղնախաձեռնության անդամներն էին, ովքեր դեռ օրեր առաջ տեղեկացրել էին՝ հունվարի 18-ին, ժամը 14:00-ին Ազատության հրապարակում կհավաքվեն պարտադիր կուտակայինին դեմ հանրահավաք-երթի:

Մասնակիցներն անհամբեր էին՝ հրապարակում սկսեցին հավաքվել 14:00-ից դեռ ժամ ու կես առաջ: Բավականին բազմամարդ էր, երբ հանրահավաքը մեկնարկեց, այստեղ էին նաև բազմաթիվ ոստիկաններ՝ եկել էին հասարակական կարգը վերահսկելու: Մինչ մեկնարկն էլ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորեց երթի ժամանակ չխախտել օրենքն ու չսահմանափակել քաղաքացիների ազատ տեղաշարժը: Իմիջիայլոց, չնայած պարտադիր կուտակայինի մասին օրենքը կիրառելի է 1974-ից ի վեր ծնվածների համար, հանրահավաքին բազմաթիվ տարեցներ ու մինչև 74-ը ծնվածներ կային:

«Դ!եմ եմ»-ի նախաձեռնությանը, ինչպես և նախօրոք խոստացել էին, միացան նաև խորհրդարական 4 ոչ իշխանական խմբակցության ներկայացուցիչները: Հանրահավաքին մասնակցելու էին եկել նաև որոշ արտախորհրդարանական ուժեր՝ ԱԻՄ-ը, «Նախախորհրդարանը», «Ազատ դեմոկրատներն» ու այլ ինչպես քաղաքական, այնպես էլ քաղաքացիական նախաձեռնություններ։

Հավաքի մեկնարկին «Դ!եմ» շարժման անդամ Դավիթ Խաժակյանն ընդգծեց, որ հարցի լուծմանը կարելի է հասնել միայն միասնական ուժերով՝ շնորհակալություն հայտնելով պայքարին միացած խորհրդարանականներին ու ներկաներին:

«Հավաքվել ենք իրար սատարելու, միացյալ ուժերով պայքարելու մի այնպիսի հակասահմանադրական օրենքի դեմ, որը կոչվում է պարտադիր կուտակային կենսաթոշակ»,- կազմակերպիչների խոսքով հանրահավաքը մեկնարկեց, ինչին հաջորդեցին հավաքվածներրի «ա-մոթ, ա-մոթ» վանկարկումները:

Ինչպես իր ելույթում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, հունվարի 1-ից ուժի մեջ մտավ «պետական ռեկետի ու գրպանահատության մասին օրենքը»:

«Ինչքան պիտի արհամարեն, չսիրեն սեփական ժողովրդին, որ հասցնեն այս վիճակի: Սա մեր պայքարի առաջին քայլերից մեկն է: Միասնական պիտի լուծենաք այս խնդիրը, միասնական հաղթենք, միասնական վիճարկենք գազի մասին պայմանագիրը»,- իր ելույթում նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ սա «նալոգ կորզելու բացահայտ խոստովանություն է»:

Նկատելով հավաքվածների շարքերում ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի նախկին ուսանողների պաստառը, որին գրվախ էր «ապացուցիր, որ չես ստել մեզ դասավանդելիս», Զոհրաբյանը նշեց, որ սա Սահմանադրական դատարանի վերջին հնարավորությունն է՝ ապացուցելու, որ չի սպասարկում իշխանության շահերը:

Շարունակելով հանրահավաքը, նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանն ընդգծեց «հավաքվածների համախմբվածությունը»:

«Այստեղ ելույթ են ունենում տարբեր կազմակերպություններ, նախաձեռնությունների անդամներ, քաղաքական գործիչներ ու անհատներ: Պայքարում ենք, որովհետև ուզում ենք ապրել քաղաքակիրթ ու օրինական երկրում: Այստեղ ենք, որովհետև ՀՀ քաղաքացիներ ենք, ու մեզ է պատկանում մեր երկրի իշխանությունը»,- ասաց երիտասարդը՝ նշելով, որ այստեղ ենք երկրի ներկային ու հատկապես ապագային տեր կանգնելու համար: Նրա խոսքին հաջորդեցին «Մենք ենք տերը մեր երկրի» կոչերը:

Իր հերթին ժառանգական պատգամավոր Ռուբեն Հակոբյանը նշեց դեպքի բացառիկությունը, քանի որ Հայաստանի «մեծատառով քաղաքացին ձևակերպել է օրակարգ, որին միացել են նաև ոչ իշխանական ուժերը»: Իսկ արմատական բարեփոխումների համար, ըստ պատգամավորի, անհրաժեշտ է քաղաքացիներն ու իշխանության հայացքները չկիսող քաղաքական ուժերի միավորում:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նախ շնորհավորեց հավաքի կայացման համար՝ նշելով, թե այն ապացուցեց իշխանություններին, որ ժողովուրդը ոտքի է կանգնում:

«Շարժումը ձևավորվել է շատ պարզ նպատակի շուրջ՝ քաղաքացու իրավունքով մերժել իշխանության այս ռեֆորմը, որը չունի ժողովրդի վստահությունը: Ամբողջ ճշմարտությունը՝ սա ոչ թե բարեփոխում է, այլ թալան: ԱՄՆ-ում, Եվրոպայում կան զարգացած ինստիտուտներ, կուտակային հիմնադրամներ, որոնցում պետությունը պաշտպանում է այդ գումարները ու թույլ չի տալիս, որ այդ ֆոնդերը թալանվեն: Իսկ մեր մոտ այդպես չէ: Դա է պատճառը, որ ոչ ոք չի վախենում ներդրումներ անել դրանցում»,- նշեց պատգամավորը «Պայքար-պայքար մինչև վերջ» վանկարկումների ներքո: Հարցին՝ կա՞ արդյոք մեկը, ով կարծում է, թե կուտակային ֆոնդերի կառավարիչները բարեխիղճ են ու նրանց կարելի է վստահել սեփական գումարները, ստացա «ոչ» պատասխանը:

Շարունակելով հավաքը, «Դ!եմ եմ»-ի անդամ Դավիթ Մանուկյանը հայտարարեց, որ Հայաստանում օր օրի հասունանում է քաղհասարակությունը՝ «հզոր ուժը, որից պիտի զգաստանան քաղաքական ուժերն ու իշխանությունը»: Մենք սերմանում ենք նոր արժեհամակարգ, երբ քաղաքացին հասկանում է՝ ինքն է որոշողը, թե ինչպես պիտի ապրենք»,- նշեց նախաձեռնության անդամ: Նա նշեց նաև, որ նոր արժեհամակարգ է ստեղծվում, որով քաղաքացին հասկանում է՝ «ինքն է որոշողը, թե ինչպես պիտի ապրենք»:

Հանրահավաքին ելույթ ունեցավ նաև ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը: Նա ընդգծեց, որ «այս արատավոր կենսաթոշակային համակարգը» պարտադրվում է ներկա սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում, երբ թանկացել են գազն ու էլեկտրաէներգիան:

Պատգամավորի խոսքով, վերջնական հաղթանակը կարձանագրվի մարտի 28-ին, երբ ՍԴ-ն կհրապարակի 4 խմբակցությունների՝ դատարան ներկայացրած բողոքների պատասխանները:

«Անկախ նրանից՝ ինչ որոշում կկայացնի ՍԴ-ն, իրավունք չունենք մեր պայքարը թուլացնելու, դատաքննությանը ցույց կտանք՝ հաղթեց հայ ժողովրդի կամքը»,- ասաց պատգամավորը։

Հանրահավաքն ավարտվեց, մեկնարկեց երթն Երևանի փոքր կենտրոնով: «Պահանջում ենք մեր իրավունքը» պաստառը ձեռքներին մասնակիցները շարժվեցին «ար-դա-րու-թյուն», «կա-սե-ցում» կոչերով: Երթուղին էր Ազատության հրապարակ - Մաշտոց - Սայաթ-Նովա - Աբովյան - Հանրապետության հրապարակ - Ամիրյան - Մաշտոց - Ազատության հրապարակ: Ընթացքում հնչում էին մի շարք երգեր, այդ թվում «Սուլթան կուզէ ջնջել մըզի, Զարթիր, լաո, մեռնիմ քըզի» տողերը: Երթի ավարտին կրկին հավաքվելով Ազատության հրապարակում, նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ պայքարը շարունակական է լինելու, գործածելու են հանրային անհնազանդության բոլոր մեթոդներն ընդհուպ մինչև գործադուլներ ու նստացույցեր։ Հանրահավաք-երթն ավարտվեց քոչարիով:

Կենսաթոշակային ռեֆորմները Հայաստանում մեկնարկեցին 2011-ի հունվարի մեկից կամավոր կուտակային համակարգի ներդրմամբ։ Կուտակային բաղադրիչն ապագա թոշակառուին կթույլատրի ինքնուրույն ձևավորել իր կենսաթոշակը։ Համակարգը 2014-ի հունվարի մեկից պարտադիր դարձավ 40 տարեկանը չլրացած աշխատողների համար։ Այսուհետ նրանք ամսական աշխատավարձի 5 տոկոսը փոխանցելու են իրենց կուտակային հաշվին, ևս 5 տոկոսը կփոխանցի պետությունը, բայց 25 հազար դրամից ոչ ավելի։

Պետությունը երաշխավորելու է, որ թոշակի անցնելիս կուտակած գումարների գնողունակությունը պակաս չլինի այն մակարդակից, որ կունենար այդ փողը, եթե ժամանակին չպահվեր աշխատավարձից և օգտագործվեր գնումների համար: Ֆորս-մաժորային հանգամանքների դեպքում Հայաստանի քաղաքացիները պարտադիր կերպով կստանան մի շարք տարիների ընթացքում կուտակած աշխատավարձի 5 տոկոսը կազմող փոխանցված ամբողջ գումարը, բացառությամբ այն գումարի, որ փոխանցում է պետությունը նրանց անձնական կենսաթոշակային հաշվին (նույնպես 5 տոկոսի չափով):

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---