Ուկրաինայի վարչապետն անկարգությունների մասնակիցներին ահաբեկիչներ է անվանել

Ուկրաինայի վարչապետն անկարգությունների մասնակիցներին ահաբեկիչներ է անվանել

PanARMENIAN.Net - Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը Կիևի կենտրոնում անկարգությունների մասնակիցներին ահաբեկիչներ է անվանել, հայտնում է «Ունիան»-ը:

«Մայդանի մասնակիցների ծայրահեղական հատվածի ծայրահեղ աջակողմյան գրոհայինները զանգվածային անկարգություններ են հրահրել Կիևի կենտրոնում: Ահաբեկիչների ցինիզմն ու բարոյազրկությունն այն աստիճանի է հասել, որ նրանք «Մոլոտովի կոկտեյլներ» են նետում կենդանի մարդկանց վրա: Իսկ այս գիշեր Մայդանի ահաբեկիչները ներխուժել են հյուրանոցներ, ծեծի ենթարկելով մի քանի տասնյակ քաղաքացիների, որոնց հակառակորդ էին համարում»,-հայտարարել է վարչապետը՝ բացելով կառավարության նիստը: Ազարովը նշել է, որ ակտիվիստներին, որոնք արդեն մի քանի օր է առճակատման մեջ են իրավապահների հետ Գրուշևսկու փողոցում, «չի կարելի համարել խաղաղ ցուցարարներ»՝ ասելով, որ նրանք հանցագործներ են, որոնք պետք է պատասխան տան իրենց գործողությունների համար:

«Նրանք սպառնում են ցանկացած քաղաքացու կյանքին, ըստ իրենց հայեցողության, թշնամիներ ընտրելով»,-հավելել է վարչապետը: Անկարգությունները Կիևում սկիզբ են առել հունվարի 19-ին, երբ «ժողովրդական հավաքից» հետո ցուցարարների մի մասը փորձել է ճեղքել միլիցիայի աշխատակիցների պատնեշը, որոնք պաշտպանում էին կառավարական շենքերը: Ըստ պաշտոնական տվյալների, բախումներում տուժել է շուրջ 100 ակտիվիստ ու միլիցիայի 163 աշխատակից: Ընդդիմությունը հայտարարել է 1,5 հազար տուժածների մասին, գրում է Lenta.ru-ն:

Ցուցարարներն ուժային կառույցների աշխատակիցների ուղղությամբ Մոլոտովի «կոկտեյլներ» էին նետում, իսկ «Բերկուտը» պատասխանում էր կրակոցներով տրավմատիկ զենքից: Գրուշևսկու փողոցում, «Դինամո» մարզադաշտի մոտ իսկական մարտ տեղի ունեցավ մի քանի տասնյակ ցուցարարների ու ուժայինների միջև: Իրավապահները բարձրաձայն սպառնալիքներ էին հասցեագրում բարիկադի հակառակ կողմում գտնվողներին: Նրանք ռետինե փամփուշտներ, լուսա-աղմկային նռնակներ ու արցունքաբեր գազ են օգտագործել:

Ըստ պաշտոնական տվյալների, դիմակայության ժամանակ երկու կողմից տուժել է 250 մարդ: Ընդդիմությունը հայտարարում է, որ բուժօգնության համար դիմել են մոտ 1,5 հազար ցուցարարներ, որոնք, սակայն, հրաժարվել են պետական հիվանդանոցներ տեղափոխվելուց:

Հունվարի 22-ի առավոտյան հայտնի դարձավ, որ տուժածներից երկուսը մահացել են՝ մեկը վայր է ընկել բարձր սյունից, մյուսը մահացել է կրակոցից (այս տեղեկատվությունը ստուգվում է): Մի շարք ԶԼՄ-ներ հայտնել են Գրուշևսկու փողոցում ևս մեկ՝ երրորդ զոհի մասին, որն, ըստ ականատեսների, վիրավորվել էր հրազենից: Պաշտոնապես այդ տեղեկությունները չեն հաստատվել: Միլիցիան հայտարարել է, որ ներքին զորքերը Կիևում հրազեն չեն կիրառել:

Մինչդեռ ՌԴ Պետդումայում քվեարկության է դրվել Ուկրաինայի վերաբերյալ հայտարարությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Փաստաթուղթը, որով արևմտյան քաղաքական գործիչներին կոչ է արվում չմիջամտել պետության ներքին ինքնիշխան գործերին, ստացել է 388 պատգամավորի աջակցութունը:

«Ուկրաինայում իրավիճակի սրման համար ընդդիմության ծայրահեղական մասից բացի պատասխանատու են նաև արևմտյան քաղաքական գործիչները, որոնք կոպտորեն միջամտում են ինքնիշխան Ուկրաինայի ներքին գործերին, որոնք ելույթ են ունենում ընդդիմության կազմակերպած հանրահավաքներում»,-ասվում է հայտարարության մեջ:

Պետդուման ընդունած փաստաթղթում զգուշացնում է, որ անթույլատրելի է Ուկրաինային «աշխարհաքաղաքական ընտրություն պարտադրել հօգուտ Եվրամիության հետ ասոցացման» և ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ «Ռուսաստանի ու Ուկրաինայի ժողովրդների համագործակցությունը միշտ եղել և հիմք է հանդիսանում ցանկացած մարտահրավերների ու սպառնալիքների հաղթահարման համար»: Պատգամավորները հավանություն են տվել Ուկրաինային հատկացված կայունացման վարկին և գազի գնի նվազմանն «առանց որևէ քաղաքական պայմանի՝ աջակցելով Ուկրաինայի եղբայրական ժողովրդին»:

Եվրաինտեգրման օգտին ու Ուկրաինայի իշխանությունների հրաժարականի պահանջով զանգվածային ակցիաներն Ուկրաինայում սկսվեցին 2013 թվականի ավարտին: Դեկտեմբերին Մայդան, որտեղ հավաքվում էին ընդդիմադիրները, այցելեցին ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Քեթրին Էշթոնն ու ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը: 2014 թվականի հունվարի կեսին Ուկրաինայում մի շարք օրենքներ ընդունվեցին, որոնք ընդդիմությունը բռնատիրական համարեց, իրավիճակն երկրում սրվեց: Հունվարի 19-ին հանրահավաքը Կիևի կենտրոնում վերաճեց բախումների ոստիկանության հետ, որի արդյունքում հարյուրավոր մարդիկ տուժեցին երկու կողմից:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---