Կլիչկոն համաուկրաինական գործադուլի կոչ է անում

Կլիչկոն համաուկրաինական գործադուլի կոչ է անում

PanARMENIAN.Net - «Ուդառ» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն կոչ է արել ուկրաինացիներին հինգշաբթի՝ հունվարի 23-ին, դուրս գալ «նախազգուշական գործադուլի»: Այդ մասին նա գրել է Twitter-ում հունվարի 22-ի երեկոյան: Ինչպես գրում է «Ուկրաինսկայա պրավդան», հինգշաբթի պետք է տեղի ունենա նախագահ Յանուկովիչի հետ բանակցությունների երկրորդ փուլը, իսկ ընդդիմությունն առաջարկում է նախազգուշական գործադուլ հայտարարել:

«Դուրս եկեք կես ժամով, մեկ ժամով, եթե հնարավորություն կա: Դիմելով ղեկավարությանը՝ դուրս եկեք, ցույց տվեք ձեր տեսակետը, ձեր դիմադրությունը»,-կոչ է արել նա: «Հեռաձայնեք ընկերներին: Դա կարևոր է անել, կարևոր է ցույց տալ իշխանություններին»,-հավելել է նա: Կլիչկոն նշել է, որ համաուկրաինական գործադուլ է նախապատրաստվում: Նա հորդորել է հրապարակում հավաքված մարդկանց փոխարինել միմյանց, տաքանալ, հետո նորից վերադառնալ: «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այսօր անհնար լինի ցրել Մայդանը»,-ասել է նա:

Անկարգությունները Կիևում սկիզբ առան հունվարի 19-ին, երբ «ժողովրդական հավաքից» հետո ցուցարարների մի մասը փորձեց ճեղքել միլիցիայի աշխատակիցների պատնեշը, որոնք պաշտպանում էին կառավարական շենքերը: Ըստ պաշտոնական տվյալների, բախումներում տուժել է շուրջ 100 ակտիվիստ ու միլիցիայի 163 աշխատակից: Ընդդիմությունը հայտարարել է 1,5 հազար տուժածների մասին, գրում է Lenta.ru-ն:

Ըստ փորձագետների, Ուկրաինային մեկ քայլ է բաժանում քաղաքացիական պատերազմից ու պետության փլուզումից: «Պատերազմ կլինի, իհարկե, ոչ այնպիսին, ինչպես Սիրիայում է, բայց ամեն ինչ հնարավոր է»,-ասել է PanARMENIAN.Net ին աղբյուրը:

Եվրաինտեգրման օգտին ու Ուկրաինայի իշխանությունների հրաժարականի պահանջով զանգվածային ակցիաներն Ուկրաինայում սկսվեցին 2013 թվականի ավարտին: Դեկտեմբերին Մայդան, որտեղ հավաքվում էին ընդդիմադիրները, այցելեցին ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Քեթրին Էշթոնն ու ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը: 2014 թվականի հունվարի կեսին Ուկրաինայում մի շարք օրենքներ ընդունվեցին, որոնք ընդդիմությունը բռնատիրական համարեց, իրավիճակն երկրում սրվեց: Հունվարի 19-ին հանրահավաքը Կիևի կենտրոնում վերաճեց բախումների ոստիկանության հետ, որի արդյունքում հարյուրավոր մարդիկ տուժեցին երկու կողմից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---