Վարդան Պետրոսյանի գործով նախաքննությունն ավարտվել է, նա առայժմ կալանքի տակ կմնա

Վարդան Պետրոսյանի գործով նախաքննությունն ավարտվել է, նա առայժմ կալանքի տակ կմնա

PanARMENIAN.Net - Երևան-Եղվարդ ճանապարհին 2013-ի հոկտեմբերի 20-ին դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը հունվարի 23-ին պաշտոնապես ավարտվել է: Տեղեկացնելով կողմերին այդ մասին, նախաքննական մարմինը հնարավորություն է տվել ծանոթանալ նյութերին: Իսկ մինչև այդ դռնփակ նիստում Վերաքննիչ դատարանը մերժել է դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի՝ Վարդան Պետրոսյանի համար խափանման միջոց ընտրված կալանքն երկու ամսով երկարաձգելու մասին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքը:

Հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհին իրար էին բախվել «ՎԱԶ 2121» ու BMW մակնիշի ավտոմեքենաները: Վերջինի ղեկին Վարդան Պետրոսյանն էր, ում ևս 6 հոգու հետ մարմնական վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց, այնուհետև՝ վիրահատել: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:

Վթարի փաստի առթիվ քրգործ էր հարուցվել` ՀՀ ՔՕ 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Այն վերաբերում է Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելուն, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ. պատժվում է ազատազրկմամբ` չորսից՝ տասը տարի ժամկետով, զրկելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից առավելագույնն երեք տարի ժամկետով:

Տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի խոսքով, կողմերի` նյութերին ծանոթանալուց հետո գործը կուղարկվի դատարան, գրում է Panorama.am-ը:

Նոյեմբերի 4-ին դերասանը հիվանդանոցից նոր էր տուն վերադարձել, երբ արդեն ամսի 9-ին տեղեկություն տարածվեց, որ կալանավորելու որոշում է կայացվել։ Երբ ոստիկաններն եկել էին նրան կալանավորելու, դերասանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, նրան կրկին տեղափոխել էին հիվանդանոց, որտեղից արդեն՝ «Սթրես» կենտրոն` սթրեսային վիճակի ախտորոշմամբ։

Մի քանի օր կենտրոնում անցկացնելու հետո Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը պահանջել էր, որ Պետրոսյանը ներկայանա իր նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցով դատական նիստին․ ներկայացել էր, արդունքում որոշվել էր երկու ամսով կալանավորել դերասանին՝ դատարանից նրան միանգամից տարել էի «Դատապարտյալների հիվցանդանոց» ՔԿՀ, որտեղ էլ մինչ օրս շարունակում է գտնվել։ Նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն այդ օրը նշել էր, որ դատարանը որոշումը կայացրել է առանց որևէ իրավական հիմքի՝ պատճառաբանելով, թե դերասանն երկու երիտասարդների է զրկել կյանքից: Որոշումը բողոքարկվել էր, բայց ապարդյուն:

Ի դեպ, Պետրոսանը դատարանում նախաքննական մարմնին էր հանձնել իր անձնագիրը։

Փաստաբանը դիմել էր Վերաքննիչ քրեական դատարան, ու չնայած գրեթե համոզված էր՝ կբավարարեն բողոքը, նոյեմբերի 21-ին պարզեցին՝ չի բավարարվել, դերասանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը մնաց անփոփոխ:

Հայտնի դերասանին կալանքի տակ առնելու ու պահելու փաստը հասարակությունում մեծ աղմուկ էր բարձրացրել թե քաղաքացիների, թե մտավորականության շրջանակում։ Հազարավոր քաղաքացիներ ստորագրահավաք էին սկսել կալանքը որպես խափանման միջոց վերացնելու համար, տասնյակ մտավորականներ, այդ թվում՝ Շառլ Ազնավուրը, կոչեր էին անում՝ երաշխավորելով, որ դերասանն երկրից չի հեռանա ու կներկայանա բոլոր դատական նիստերին, բայց ոչինչ չօգնեց՝ դատարանը վճռական էր։

Մամուլում նաև պարբերաբար տեղեկություններ էին հայտնվում Պետրոսյանի առողջալան վիչակի մասին, ըստ որոնց՝ անազատության մեջ նրա բուժումը լիարժեք կազմակերպել անհնար է։ Չնայած, արդարադատութան նախարար Հրայր Թովմասնայը լրագրողներին ասել էր, որ ինքն էլ, ինչպես բոլորը, անհանգստացած է դերասանի առողջությամբ ու անձամբ է կարգադրել անհրաժեշտության դեպքում այլ հիվանդանոցում աշխատող ցանկացած մասնագետի բերել «Դատապարտյալների հիվանդանոց»՝ բուժումն ապահովելու համար։

Դեկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ հարուցված քրգործն այլ մարմին է քննելու՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժինը, իսկ նախկին քննիչ Հայկ Հակոբյանը այժմ արձակուրդում է: Գործը հարուցվել էր ոստիկանության Կոտայքի մարզի քննչական վարչությունում։

Տուժող կողմը վրդովված էր հրապարակային քննարկումներից․ փաստաբանի միջոցով նրանք հայտարարել էին, որ մինչև դերասանը մեղքը չընդունի՝ հաշտեցում չի լինի, Վարդան Պետրոսյանը պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ, նաև պահանջել, որ գործը քննվի դռնփակ՝ բավարարեցին։

Այս ընթացքում, դերասանի պաշտպանի խոսքով, մասնագետներն աշխատում էին վթարի մոդելավորված տարբերակի ստեղծման վրա։ Ինչպես դեկտեմբերի 3-ի իր համարում գրել էր «Ժողովուրդը», այն վերարտադրում է, թե ինչպես է տեղի ունեցել վթարը, ինչ մեխանիզմով. որտեղից են եկել մեքենաները, որտեղ են գտնվել, վթարի տեղը:

«Այն արտացոլում է հաշվարկները, որոնք կատարում են փորձագետները, հաշվարկներին մոդելային պատկերավոր տեսք է տալիս: Իրականում այն պատկերացումները, որ ունեի վթարի մեխանիզմների մասին սկզբում, և այն, ինչ մոդելավորման արդյունքները ցույց տվեցին, տարբեր էին. արդյունքների շնորհիվ պատկերն էապես փոխվեց»,- թերթին ասել էր դերասանի պաշտպանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---